Գագիկ Ծառուկյանը, Էդուարդ Բաբայանը և Իվետա Տոնոյանը դատակոչվել են…

Սուտ ցուցմունք տալու համար ամբաստանվող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ այսօրվա դատական նիստին վերջինիս պաշտպան Ռոման Սարգսյանը միջնորդեց որպես վկա դատակոչել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, նույն խմբակցության պատգամավորներ Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին եւ մի շարք այլ անձանց:

Պաշտպանը պարզաբանեց՝ Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործով, որը հիմք է հանդիսացել սույն քրեական գործի հարուցման համար, նշված անձանց ցուցմունքներում եղել են էական հակասություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են սույն քրեական գործի եւ մեղադրանքի ծավալի հետ, եւ որոնք իրենց դեռեւս անհայտ պատճառներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմինը չի ներառել այս գործում. «Նախորդ քրեական գործի նյութերի եւ դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից կայացված դատավճռի ուսումնասիրությամբ պարզել ենք, որ նախաքննության ընթացքում հարցաքննված մի շարք վկաների, ինչպես նաեւ՝ տուժողի ու մեղադրյալի ցուցմունքներում առկա են եղել էական հակասություններ, որոնց նախաքննական մարմինը չի անդրադարձել, միչդեռ վերջինս պոզիտիվ պարտականություն ուներ կատարել ինչպես առերես հարցաքննություններ, այնպես էլ քննչական ու դատավարական մի շարք այլ գործողություններ լրիվ եւ օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու համար»:

Ռոման Սարգսյանի խոսքով՝ նշված ցուցմունքներ տված անձինք նախորդ գործով եւս դատակոչի ցուցակում չեն ներառվել, թեեւ նրանցից ոմանք ունեցել են նման ցանկություն, բայց վարույթն իրականցնող մարմինն այն մերժել է. «Դատակոչին ձեռնամուխ չի եղել նաեւ դատարանը, որը կարծես կաշկանդված է եղել վարույթն իրականացնող մարմնի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունով՝ չիրականացնելով արդար դատաքննություն»:

Պաշտպանը հայտնեց, որ նշված անձանց դեռեւս սեպտեմբերի 12-ին համապատասխան գրություններ է ուղարկել այն մասին, որ նրանց ցուցմունքներում եղել են էական հակասություններ, եւ հայտնել է, որ դատարանին միջնորդություն է ներկայացնելու՝ իրենց համապատասխան կարգավիճակով հարցաքննության հրավիրելու համար. «Ես խնդրել եմ հնարավոր սեղմ ժամկետում ներկայացնել դիրքորոշում, սակայն շուրջ 2 ամսվա ընթացքում թվածս անձանցից որեւէ մեկը առարկություն չի ներկայացրել՝ դրանով իսկ հաստատելով իր պատրաստակամությունը»:

Ռոման Սարգսյանը նշեց՝ իր պաշտպանյալը, չտիրապետելով իրավական ընթացակարգերին, չի հասկացել, որ նախորդ դատական ակտը հնարավոր էր բողոքարկել, իսկ բողոքարկման ժամկետներն այժմ լրացել են, ուստի ստացվում է, որ կա ուժի մեջ մտած դատական ակտ, որը հնարավոր չէ բեկանել. «Սույն քրեական գործի լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ դատաքննությունն ապահովելու համար ես միջնորդում եմ դատարան հրավիրել եւ հարցաքննել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, նույն խմբակցության պատգամավորներ Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին, ինչպես նաեւ՝ Հրաչյա Ռուստամյանին, Մարգարիտա Դավթյանին, Եփրաքսյա Ալեքսանյանին, Էդգար Մելակուրյանին,  Ավետիս Պողոսյանին, Սամվել Հովհաննիսյանին, Հռիփսիե Հարությունյանին, Կարեն Պատրիկյանին, Դերենիկ Գաբրիելյանին»: Պաշտպանն ընդգծեց, որ իր գնահատմամբ՝ սույն քրեական գործի դատաքննությունն իրավաչափ չի լինի, եթե դատարանը չպահանջի նախորդ քրեական գործի նյութերը, եւ չհարցաքննի իր թվարկած անձանց:

աղբյուրը՝  ArmTimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ