Մեկ տարի առաջ ասում էին՝ խայտառակ գնաճ է սպասվում, բյուջեն դատարկ է, թոշակները չեն կարողանալու տալ, սովամահ ենք լինելու

«Քննարկում ենք 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը նախագիծ, որը պիտի լիներ հեղափոխական, բայց ինչպես մեր ընդդիմախոսներն են ասում՝ հեղափոխական չէ: Ու որպես գլխավոր արգումենտ պնդում են, որ բյուջեի նախագծում դրված ՀՆԱ-ի աճը, որը 4.9 տոկոս է, ցածր է: Այսքանը բավական է՝ պնդելու համար, որ բյուջեն հեղափոխական չէ»,- Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:

Նա նշեց, որ նախահեղափոխական տարիներին՝ 2013-2017 թվականներին ՀՆԱ-ի 400 մլն դոլարի աճ է արձանագրվել, այսինքն՝ այդ 5 տարիների ընթացքում 11.1 մլրդ-ից այդ թիվը դարձել է 11.5 մլրդի: Եթե դա բաժանում ենք 5 տարիների մեջ, ապա, ըստ պատգամավորի, ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է 0.7 տոկոս:

«Հեղափոխությունից հետո երկու տարիների ընթացքում՝ 2019-2020 թվականներին, մենք կունենանք մոտավորապես 14.7 մլրդ դոլարի ՀՆԱ: Այսինքն՝ աճը կկազմի մոտ 20 տոկոս: ՀՆԱ-ի մեկ տարվա միջին աճը կլինի 10 տոկոս: Հեղափոխության դրսևորում է սա, թե ոչ, թողնում եմ իմ գործընկերներին, որոնք պնդում են, թե այս բյուջեն հեղափոխական չէ»,- ասաց պատգամավորը:

Հայկ Գևորգյանը հայտարարեց՝ չի կարելի չնկատել, որ տնտեսության վիճակը լավ է: Նա ասաց, որ հեղափոխությունից հետո պղնձի գինը նվազել է, տրանսֆերտների ծավալը նվազել է, բայց տնտեսությունում ոչ մի պրոբլեմ չկա: Այսինք՝ ունենք տնտեսության դիմադրողականության աճ:

Պատգամավորը հիշեցրեց, որ այս տարի մենք ունեցանք արտաքին պահուստների աննախադեպ աճ, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության բավական շոշափելի նվազում: Իսկ նախքան հեղափոխությունը 3 տարիների ընթացքում, Հայաստանը ներգրավել է 2.2 մլրդ դոլարի պետական պարտք ու դրանով ապահովել ՀՆԱ-ի ընդամենը 0.7 տոկոս միջին տարեկան աճ:

«Տնտեսությանն վիճակը այնքան լավ է, որ մեզ ու ձեզ հայտնի խմբակները, որոնք երբեմն իրենց կուսակցություններ են համարում, այլևս դուրս են եկել այդ շրջանակներից, որ քնադատում են տնտեսությունը: Հիշում եք՝ մեկ տարի առաջ ասում էին՝ աննախադեպ խայտառակ գնաճ է սպասվում, բյուջեն դատարկ է, թոշակները չեն կարողանալու տալ, սովամահ ենք լինելու:

Հիմա օրակարգից դուրս են եկել, որովհետեւ իրենք էլ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Հենց դրանով եմ ես բացատրում վերջին շրջանում սրացումները, քանի որ չկա ասելու բան, սատանաներ են փնտրում, ինչ-որ ավանդական ընտանիքի տեսլականներ են նկարագրում, որտեղ կատու պահել չի կարելի: Ես վստահ եմ, որ առաջիկա տարիներին էլ այդ խմբակներն ասելիքներ չեն ունենալու ու շարունակելու են 21-րդ դարում սատանաներ փնտրել, կախարդներ հայտնաբերել, այլմոլորակայինների դեմ պայքարել, ինչում նրանց հաջողություն եմ մաղթում»,- հայտարարեց Հայկ Գևորգյանը:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ