Գայթակղիչ առաջարկ ՍԴ դատավորներին․․․ անակնկալ Հրայր Թովմասյանին

Կառավարությունը հավանության է արժանացրել օրինագիծը, որով Սահմանադրական դատարանի անդամներին արվում է գայթակղիչ առաջարկ: Նրանց առաջարկվում է մինչեւ 2035 թվական ստանալ այնքան աշխատավարձ, որքան այժմ, բայց առանց աշխատելու: Այսինքն, ՍԴ դատավորը տալիս է կամավոր հրաժարական եւ դրա դիմաց բյուջեից շարունակում է ստանալ իր աշխատավարձը:

Ակնառու է, որ կառավարող քաղաքական ուժը օրենքը դիտարկում է այսպես ասած ՍԴ ճգնաժամը լուծելու միջոց: Հրայր Թովմասյանը հրաժարական չի տալիս, կարծես թե կիրառվող իրավական գործիքներն էլ չեն տալիս անհրաժեշտ արդյունք: Նախատեսվող օրինագծի նպատակը թերեւս այն է, որ գայթակղիչ առաջարկով կամավոր հրաժարական կտան մյուս դատավորները, որոնք նշանակվել են դեռեւս նախորդ իշխանության շրջանում:

Կփոխվի ՍԴ կազմը, ուժերի հարաբերակցությունը, եւ ՍԴ նոր կազմն էլ կլուծի ՍԴ նախագահի հարցը: Կամավոր հրաժարականի օրինագծով Սահմանադրական դատարանի դատավորներին տրվում է ժամանակ՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31: Այսինքն, գայթակղիչ առաջարկը գործում է մինչեւ այդ ժամկետը կամավոր հրաժարականի դեպքում:

Փաստացի, եթե օրենքը այդ տեսքով ընդունվի խորհրդարանում, ՍԴ դատավորներին առաջարկվում է աշխատավարձ հրաժարականի դիմաց մեխանիզմ՝ պետական բյուջեի հաշվին, հարկատուների հաշվին: Հարկատուների մի մասը ներկայում մեծ հավանականությամբ հավանության կարժանացնի այդ մեխանիզմը, Հրայր Թովմասյանի կամ նախկին իշխանության «վերջին բաստիոնի» հարցը լուծելու համար:

Բայց արդյոք այդ հարցի հանրային, պետական նշանակությունն այնքան մեծ է, որ այն արժե լուծել մտածողության, իրավա-քաղաքական ավանդույթի ձեւավորման տեսանկյունից վտանգավոր նախադեպով: Ի վերջո, փաստացի ՍԴ դատավորին առաջարկվում է պետական մակարդակի կաշառք՝ գործադիր կամ օրենսդիր իշխանությանն անհրաժեշտ իրավիճակում կամավոր հրաժարական տալու դիմաց:

Եթե հանրային-քաղաքական կյանքում, պետական կառավարման ոլորտում ամրագրվում է հարցերը այդպիսի մեխանիզմով լուծելու մտածողություն, ապա պրակտիկան հետագայում կարող է դիտարկվել եւ կիրառվել այլ դեպքերի համար: Այլ կերպ ասած, կարող է ստեղծվել նախադեպ, ինչը վտանգավոր է թե իրավա-քաղաքական, թե բարոյական տեսանկյունից:

Որովհետեւ, հարցն ի վերջո ունի նաեւ արժեամակարգային խնդիր՝ դատավոր, որը հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ նրան կառավարությունը փող է առաջարկում ոչինչ չանելու դիմաց: Ի վերջո, անկախ արդարադատության հասնելու ճանապարհին վտանգավոր են ըստ էության կաշառքի բոլոր ձեւերը՝ լինեն դրանք մասնավոր ու հանցավոր, թե պետական եւ օրենսդրորերն ամրագրվող: Ի վերջո, հարցն այն է, որ հանրային արժեհամակարգում տեղ է ունենում այդպիսի մեխանիզմով հարց լուծելու մտածողություն:

Հետո ինչ, որ տվյալ դեպքում «թղթով ամեն ինչ կարգին» կլինի: Ի վերջո, Հայաստանում հեղափոխություն հասունացավ նաեւ այն պատճառով, որ ապրում էինք «թղթով ամեն ինչ կարգին» տրամաբանությամբ: Անկախ հանգամանքից՝ այդ տրամաբանությամբ կյանքը լեգիտիմ է, թե լեգիտիմ չէ, միեւնույն է այն հանրային զարգացման համար ունի ավելի շատ քայքայման, քան լուծումների տանող ներուժ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ