![]()
Որևէ մեկի հասցեին վիրավորական բան չի եղել երեկ, այլ ԲՀԿ-ի սկզբունքը, մոտեցումը, տեսակետը Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցածին:
Հարցին, թե երեկ այդ միջադեպից հետո ո՞ւր էր անհետացել Գևորգ Պետրոսյանը, արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ ինքը Գևորգ Պետրոսյանի հետ խիստ խոսակցություն է ունեցել, Ծառուկյանը պատասխանեց.
«Մենք Գևորգ Պետրոսյանի հետ հանդիպման էինք, միասին գնացել ենք հանդիպման, ուրիշ բան չի եղել: Մարդիկ հեքիաթներ են պատմում, եզրակացություններ անում: Մեր կողմից աղմուկ չի եղել, դրա մասին կարող եք հարցնել աղմուկ անողներին, որ կարող է իրար չեն հասկացել կամ չգիտեմ ինչ»:
Հարցին՝ ինքը և՞ս կարծում է, որ «հալալ է Գևորգ Պետրոսյանին, որ կարողացավ մենակով օրակարգ բերել ու գմփցնել» (նման հայտարարություն էր արել ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը – խմբ.), Ծառուկյանն արձագանքեց.
«Ես կարող եմ ասել՝ հալալ է, ես Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ, որ նա, որպես հայ քրիստոնյա ազգ, առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ, մեզ համար անընդունելի է, որ ասենք թե համասեռամոլները երեխա որդեգրեն և այդ երեխային դաստիարակեն: Ո՞վ կարող է ասել, թե նրանց դաստիարակած երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք, որը ԲՀԿ-ի համար, սկսած Ծառուկյանից, անընդունելի է: Ինչքան ուզում է ասեն՝ մենք հետամնաց ենք, դա մեզ համար անընդունելի է»:
աղբյուրը՝ Factor.am
![]()