«Հանգստյան օրը» գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ընտանիքում

Մելինե, Բիայնա, Մենուա, Արգիշտի եւ Սոֆենա՝ այս վառ ու ուրախ հնգյակն է երջանկությամբ ու գույներով լցրել ամուսինների կյանքը: Մելինեն, Բիայնան եւ Մենուան դպրոցական են, մենք նրանց լուսանկարեցինք դասերին պատրաստվելիս եւ բակի խաղահրապարակում ժամանակ անցկացնելիս:

Դե, իսկ 2-ամյա զույգ փոքրիկներ Արգիշտին եւ Սոֆենան ողջ ընթացքում անդադար խաղում էին իրար հետ եւ ուրախացնում բոլորին: Բազմազավակ մայրիկը զրույցի ժամանակ նշեց, որ իր աշխատանքի պատճառով երբեք չեն տուժել երեխաները: Նա կարողանում է համատեղել, իհարկե, երբեմն կողմնակի օգնությամբ: Նշենք, որ Գոհարը մեր այցի ընթացքում հմտորեն խնամում էր զույգ փոքրիկներին եւ միաժամանակ զբաղվում ավագ երեխաների դասապատրաստմամբ:

Գոհարը վստահեցնում է, որ հասցնում է բավական ժամանակ հատկացնել երեխաներին, սիրով եւ ուշադրությամբ պարուրել, հետեւել դպրոցական կյանքին: Իսկ աշխատանքի համար նա ընտրել է մի տարբերակ, որի շնորհիվ ստիպված չի լինում հաճախ հեռու գտնվել իր բալիկներից. «Ես շատ-շատ եմ աշխատում, բայց աշխատում են տնից: Այստեղ ունեմ իմ աշխատանքային գրասենյակն ու երբեք չեմ կուտակում գործերս, ինչպես չեմ կուտակել դասերս ուսանողական տարիներին: Պարզապես շատ ճիշտ դասավորում եմ ժամանկս ու բաշխում եմ ամեն բան:

Եթե պետք է այս պահին զբաղվել երեխայով, ապա թողնում եմ գործս եւ նրանով զբաղվում: Բարեբախտաբար, ստացվում է զուգահեռաբար ե՛ւ երեխա պահել, ե՛ւ աշխատել»: Անհնար է լինել բազմազավակ մայրիկ, այդքան աշխատանք տանել ու չհոգնել. Գոհարը երբեմն գերհոգնում է. «Նման դեպքերում սիրում եմ մեկուսանալ, գնալ մարզվելու, ֆիլմ դիտելու:

Հոգնած ժամանակ, կարծում եմ, ավելի լավ է անել այն, ինչ սիրտդ է ուզում, քան քեզ ճնշելով եւ ընկնելով դեպրեսիայի մեջ՝ վնասել շրջապատին: Մեծ երեխաներս կարողանում են ինձ օգնել ու երբեմն նաեւ փոխարինել: Ամուսնուս հետ եւս հասցնում ենք հաճելի ժամանակ անցկացնել, թեեւ նա այդքան էլ ժամանցային վայրերի սիրահար չէ: Սակայն հետաքրքիր միջոցառումները ես հիմնականում բաց չեմ թողնում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ