‹‹Ազնավուր հիմնադրամը›› 10 մլն դրամ է նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 8-ին ներկա է գտնվել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքին։ Գալա ընթրիքին ներկա են գտնվել Նիկոլա եւ Քրիստինա Ազնավուրները, ‹‹Joef Gipsy kings Family›› խմբի մենակատար Ջոեֆ  Ֆարգիերը, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցեւը, բազմաթիվ գործարարներ, արվեստի, մշակույթի, հասարակական գործիչներ, բժիշկներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, իր խոսքում Աննա Հակոբյանը պատմել է, որ եղել է աշխարհի բազմաթիվ երկրների արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոններում եւ համոզվել, որ ի տարբերություն մեր երկրի, այդտեղ սարսափ չկա քաղցկեղի հանդեպ եւ այն միանգամայն հաղթահարելի հիվանդություն է։

‹‹Հարց կառաջանա՝ իսկ ինչպե՞ս են հասել այս երկրներում նման արդյունքի: Պարզապես կարեւորել են, նպատակ են դրել եւ զարգացրել են իրենց բժշկությունը, տեխնիկական հնարավորությունները, սպասարկման որակը: Ընդ որում՝ շատ-շատ երկրներում ամեն ինչ սկսվել է ֆոնդերից, ոլորտի նվիրյալների անհոգնել եւ քրտնաջան աշխատանքից:  Օրինակ՝ Հորդանանի Հուսեյն թագավորի անվան քաղցկեղի հիվանդանոցի հաջողության հիմքում համանուն հիմնադրամն է: Մանկական քաղցկեղի՝ աշխարհի ամենահայտնի եւ հեղինակավոր կենտրոնի՝ ԱՄՆ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի ստեղծման ակունքներում ALSAC հիմնադրամն է: Հենց այսպիսի նպատակ է սահմանել «Ժպիտների քաղաք» հիմնադրամը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին հիմնադրամի եւ քաղցկեղ ունեցող երեխաների կողքին լինելու եւ նրանց աջակցելու համար։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ ասել է, որ քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցելու ճանապարհին հիմնադրամը ձգտում է անել ամեն ինչ՝ որպեսզի Հայաստանում ուռուցքբանությունը եւ արյունաբանությունը շարունակաբար զարգացում ապրեն եւ այդ ենթատեքստում շատ է կարեւորվում նաեւ աջակցությունը բժիշկներին եւ բժշկական հաստատություններին, որպեսզի նրանք կարողանան ապահովել բարձրորակ ախտորոշում եւ արդյունավետ բուժում պացիենտների համար։ Էսթեր Դեմիրճյանը ներկայացրել է հիմնադրամի կատարած աշխատանքը, մեկ տարվա ձեռքբերումները՝ շեշտելով, որ մեկ տարվա ընթացքում հիմնադրամն աջակցել է ստանալ անհրաժեշտ բուժում 240 երեխայի եւ երիտասարդի։ Դեղորայքի, բժշկական զննումների, վիրահատությունների եւ այլ բժշկական ծառայությունների համար հիմնադրամը տրամադրել է 270 միլիոն դրամ գումար։ Ելույթներով հանդես են եկել նաեւ Պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ու Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցեւը։

Գալա ընթրիքին Ջոեֆ Ֆարգիերը արյունաբանական կենտրոնում բուժվող 12-ամյա Արկադի Մելքոնյանին է նվիրել իր կիթառը։ Վերջինս էլ շնորհակալություն հայտնելով թանկ նվերի համար Ֆարգիերին է նվիրել հայկական դուդուկ։

Եվս մեկ կիթառ խմբի անդամների ստորագրությամբ հանվել է աճուրդի։ Ի թիվս այլ իրերի, աճուրդի է հանվել նաեւ Աննա Հակոբյանի ոսկյա կախազարդը։ Աճուրդի ողջ գումարը տրամադրվելու է քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։

Ընթրիքի ավարտին, շնորհակալություն հայտնելով կատարված մեծ աշխատանքի համար, Քրիստինա Ազնավուրը ‹‹Ազնավուր հիմնադրամի›› անունից 10 միլիոն դրամ է նվիրաբերել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամին։

#Միասինկարողենքկյանքերփոխել #Քաղցկեղըդատավճիռչէ

Մենք ուզում ենք օգնել պետությանը՝ Հայաստանի երեխաների և մեծահասակների համար ստեղծելու բուժման այնպիսի՛ պայմաններ, այնպիսի՛ հոգեբանություն և մոտեցում, որ քաղցկեղն այլևս չընկալվի որպես դատավճիռ և ողբերգություն այն ընտանիքում, որի անդամներից որևէ մեկի մոտ հայտնաբերվել է: Այս մեկ տարվա ընթացքում մենք աջակցել ենք քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի՝ նրանց դեղորայքի, բժշկական զննումների, վիրահատությունների և բժշկական այլ ծառայությունների համար տրամադրելով 270 միլիոն դրամ։ Մեր ընկերների, մեր բարերարների, մեր որդեգրած ուղին գնահատողների շնորհիվ մենք շարունակելու ենք կանգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների կողքին։

Posted by Anna Hakobyan on Saturday, November 9, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ