![]()
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մանկատների շրջանավարտներին բնակարանային աջակցության համար միջոցներ տրամադրելու որոշման նախագծին, հայտարարեց.
«Տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի գործող այսօրվա համակարգերը հուսահատության համակարգեր են: Քննադատությունները շատ ուշադիր պետք է լսենք, բայց նրանք, ովքեր պիտի ասեն՝ վայ, մեր աշխատատեղը կրճատում եք, այս ի՞նչ եք անում գիշերօթիկ հաստատության հետ, դա չի լսվելու, որովհետև նրանցից պատասխան ենք պահանջելու, թե այդ երեխաների, ծերերի նկատմամբ ի՞նչ խնամք է տեղի ունեցել»:
Նիկոլ Փաշինյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին , որ մեկ տարվա մեջ կենսաթոշակների ու նպաստների համակարգում 3-4 միլիարդ դրամ է խնայվել:
«Իսկ նախկին տարիներին ո՞ւր են եղել այդ 3-4 միլիարդները, որովհետև ամբողջ համակարգը ծառայեցվել է մի բանի՝ հնարավորինս հուսահատեցնել մարդկանց, նրանց հնարավորինս ծնկած վիճակի բերել: Թող բոլորը հիշեն՝ ոչ մի բան չի մոռացվում, ոչինչ չի մոռացվել: Ամեն ինչի համար պետք է պատասխան տրվի, ես չգիտեմ՝ այդ պատասխանատվությունը կլինի քրեական, վարչական, քաղաքական, թե բարոյական, բայց պատասխանատվությունն անխուսափելի է»:
Նիկոլ Փաշինյանը նաև ավելացրել է, որ պետք է «դուխով շարունակել»՝ խոսքն ուղղելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին:
![]()