«Բարությունն է փրկելու աշխարհը». այս խորագրով երեկ կայացավ «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության գալա ընթրիքը

«Հայ մայրեր»-ի հիմնադիր Նարինե Մանուկյանն իր խոսքը սկսեց շնորհակալությամբ: Առաջին հերթին նա շնորհակալություն հայտնեց երեկոյի հաղորդավարուհուն՝ Նազենի Հովհաննիսյանին, ով միշտ իրենց կողքին է: «Եթե նա չլիներ, մեր կազմակերպությունը երբևէ չէր լինի այս մակարդակին: Շնորհակալ եմ նաև Առաջին տիկին Աննա Հակոբյանին, ով երկրորդ տարին է՝ մեզ հետ է: Հրավիրում ենք, անմիջապես համաձայնում է ներկա լինել միջոցառմանը, ինչն անգնահատելի է»,- ասաց նա:

Մեկ տարի առաջ Նարինեն նշանակվեց «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի»-ի տնօրեն: Այսպիսով՝ նրա շփումը ՄՈՒԿ ախտորոշմամբ երեխաների հետ ավելի ընդլայնվեց:

«Եթե նախորդ տարվա գալա ընթրիքին ասացի, որ մեր երեխաների թիվը մոտենում է 300-ի, այս տարի այդ թիվը նշել չեմ կարող: Մի կողմից՝ ցավոք սրտի, որովհետև հաշմանդամություն ունեցող երեխաները Հայաստանում իսկապես շատ են, մյուս կողմից ես շատ ուրախ եմ, որ Հարություն Քուշկյանն ինձ հնարավորություն ընձեռեց լինելու «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն: Կենտրոնը տարեկան սպասարկում է 4000-6000 երեխայի:

Չեմ կարող ասել, որ մենք այսօր ունենք 300 շահառու. բոլոր երեխաները, որոնք վերականգնողական կենտրոնում են, կարևոր չէ՝ «Հայ մայրերի» կամ «Երազի տան» շահառո՞ւ են, թե՞ ոչ, բոլորը մեր երեխաներն են: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանց կյանքն ավելի որակյալ դարձնելու համար»,- ընդգծեց Նարինեն:

Գալա ընթրիքին ներկա էին մի շարք հայտնի մարդիկ, միջոցառմանը ելույթ ունեցան Սոֆի Մխեյանը, Գարիկն ու Սոնան, Էրիկը և Արամ MP3-ն:

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ