Աղջկա սելֆին օգնել է բացել գաղտնիքը, թե ինչպես է մայրն առևանգել իրեն իրական ծնողներից

Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքի բնակչուհի Միշ Սոլոմոնը BBC-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ընդամենը մի սելֆին փոխել իր կյանքը: Միշը իմացել է, որ կինը, որին նա մինչ այդ իր մայրն է համարել, իրականում գողացել է իրեն ծննդատնից:

2015 թվականին, երբ Միշը 17 տարեկան էր, նրա դպրոցական ընկերուհիները պատմել են մի աղջկա՝ Քեսսիդի Նյորսի մասին, որը շատ նման է իրեն: Աղջիկները ծանոթացել են, սկսել են ընկերություն անել: Մի անգամ Միշն ու Քեսսիդին որոշել են միասին սելֆի անել, իսկ լուսանկարը Քեսսիդին ցույց է տվել ծնողներին:  Վերջիններս խնդրել են Քեսսիդիին, որպեսզի նա իմանա, թե ե՞րբ է Միշի ծննդյան օրը ու պարզվել է, որ նա ճիշտ այն օրն է ծնվել, ինչ իրենց՝ դեռ ծննդատնից առևանգված աղջիկը: Քեսսիդիի հայրը միանգամից ոստիկանություն է դիմել:
Ամեն ինչ վերջնականապես բացահայտել է ԴՆԹ անալիզը:

«Դա կոտրեց իմ սիրտը: Նա ինձ պետք էր, թեկուզ նրա համար, որ հարցնեի թե ինչո՞ւ է դա արել: Ես ցնցված էի, ես չեի կարող հավատալ, որ նա իմ մայրը չէ»,- ասել է Միշը:

Միշ Սոլոմոնին առևանգելու համար Լավոն Սոլոմոնը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:  Չնայած դրան՝ Միշը չի կտրել կապը նրա հետ: Միշը հիմա 21 տարեկան է, նա ամուսնացել է և հաճախակի իր երեխայի հետ է այցելում «մայրիկին» ու խոստովանում, որ ուզում է նա շուտ դուրս գա բանտից: Իսկ Միշի իրական ծնողները բաժանվել են և այժմ առանձին են ապրում: Միշը փորձում է նրանցից յուրաքանչյուրի հետ լավ հարաբերություններ պահպանել, բայց համաձայն չէ ապրել նրանցից որևէ մեկի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ