![]()
Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել սկանդալային միջադեպ: Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերից մեկը բաժակով ջուր է լցրել քննիչի վրա: Դա տեղի է ունեցել մարդու իրավունքի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը, որին հրավիրվել են իրենց որդիների մահվան հանգամանքների քննությունից տարիներ շարունակ դժգոհող մայրերը եւ այդ գործերը քննող քննիչները, դատախազության, ՊՆ, Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ:
Քննարկումն անցել է թեժ եւ հենց մեկնարկից սկանդալային միջադեպի պատճառով մնացել անավարտ, քննիչները հրաժարվել են մասնակցել այդ մթնոլորտում եւ հեռացել են: Զոհված զինծառայողների մայրերն արդեն մի քանի տարի բողոքում են իրենց որդիների մահվան հանգամանքների անբավարար քննությունից, գործը կոծկելու քաղաքականությունից:
Նախկինում նրանց բողոքը երբեմն արժանանում էր ոստիկանության կոշտ միջամտության՝ երբ նախագահի նստավայրի դիմացի մայթից նրանց քարշ էին տալիս մյուս մայթ: Երբեմն էլ դիմացի մայթում նրանց հետ խոսում էր Սերժ Սարգսյանը, բայց նախագահի նստավայրի դարպասների ճաղերի հետեւից:
Նյութի Աղբյուր՝ https://www.lragir.am/2019/10/31/489962/
![]()