![]()
Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 119 ֆրանսիական թեքումով դպրոցը, ապա՝ Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Կարևորելով շարունակական կրթությունը` 2001 թվականին Աննա Հակոբյանն ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում: Աշխատելուն զուգահեռ, լրագրողական հմտություններն ու կարողությունները զարգացնելու նպատակով, մասնակցել է Հայաստանում և արտերկրում մի շարք դասընթացների:
2003-2008 թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող, լուսաբանել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտները: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդհատակյա գործունեության, այնուհետև կալանավայրում անցկացրած տարիներին Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
2013 թվականից Աննա Հակոբյանը ստանձնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:
![]()
Լինելով ակտիվ հասարակական գործիչ՝ Աննա Հակոբյանը բազմիցս մասնակցել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին թե´ որպես լրագրող, թե´ որպես հասարակական գործիչ արտահայտել իր տեսակետը:
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության ժամանակ նույնպես Աննա Հակոբյանն աջակցել է ամուսնուն, ինչպես Գյումրի քաղաքից սկսված քայլարշավի ողջ ընթացքում, այնպես էլ մայրաքաղաքում կազմակերպված հանրահավաքների ժամանակ:
![]()
2018 թվականի մայիսի 8-ին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, Աննա Հակոբյանն, արդեն որպես երկրի առաջին դեմքի տիկին, ավելի ընդարձակեց գործունեության իր շրջանակները:
![]()