![]()
Ավելի վաղ հյատնել էինք` փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ այս պահին Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել, այլ նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը նախ հերքել է իր մասնակցությունը վրաերթին՝ այն անվանելով «հերթական շառը», սակայն այն բանից հետո, երբ Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, որտեղ 9–ամյա երեխան և նրա մայրը մանրամասներ են հայտնում դեպքի մասին, Սանասարյանն ըստ էության չթաքցրեց, որ կապ է ունեցել կատարվածի հետ։
Ըստ Սանասարյանի՝ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ մարդասիրությունից դրդված հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ:
«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայր) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել է Սանասարյանը:
Նախկին պաշտոնյան հայտարարել է, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով։
![]()