«Մենք ձեզ չենք լքի, այլեւս երբեք…». Սթենի Հոյերը կոչ արեց ընդունել Հայոց ցեղասպանության բանաձևը

«Դրանք էթնիկ ջնջման փորձեր էին, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին իրականացրեց Օսմանյան կայսրությունը։ Կատարվածի հետեւանքով զոհ գնացին շուրջ մեկ ու կես միլիոն հայեր, ինչպես նաև այլ թիրախավորված խմբեր»:

Այս մասին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին քննարկման դրված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումների երկրորդ մասում հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, մեծամասնություն կազմող Դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը։

«Այս բանաձևը ճանաչում է այն սարսափելի ու համակարգված ջանքերը, որոնք մեկ դար առաջ գործադրվեցին՝ ցեղասպանություն իրականացնելու հայ ժողովրդի դեմ։ Չի կարող լինել ժխտում Հայոց ցեղասպանությանը, որը ապացուցված է պատմական փաստաթղթերով ու զգացմունքային վկայություններով։ Այն վերապրածների սերունդները մինչ օրս շարունակում են սգալ կատարվածը»,-ասաց Հոյերը՝ նշելով, որ ինքը Թուրքիայի դեսպաններին բազմիցս ասել է, որ սա թուրքերի մասին չէ, այլ Օսմանյան կայսրության կողմից կատարվածի մասին է:

«Ցավում եմ, որ մեր թուրք գործընկերները չեն ճանաչել կատարվածը, ինչպես դա արել են մեր գերմանացի գործընկերները։ Եթե նրանք սեփական ժողովրդին ասեն, որ կատարվածը սխալ է եղել, նման բան այլևս չի կրկնվի»,-շեշտեց Հոյերը։

Նա մեջբերեց այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի խոսքերը, որում ասվում էր. «Երբ թուրքական իշխանությունները զանգվածային տեղահանության հրամաններ էին տալիս, նրանք մի ամբողջ ռասայի դատապարտում էին մահվան։ Նրանք սա լավ էին հասկանում և ինձ հետ զրույցներում որևէ փորձ չէին անում դա թաքցնելու: Ողջ մարդկության պատմությունը չունի նման սարսափելի էպիզոդ, ինչպիսին սա է»։

Նա նաեւ նշեց, որ այսօր էլ Թուրքիայում կատարվում են էթնիկ զտումներ՝ քրդերի դեմ, այս բանաձեւի ընդունմամբ ԱՄՆ-ը կշեշտի Թուրքիային, որ չպետք է շրջվել միլիոնավոր մարդկանց, որոնք այսօր էլ Սիրիայում տառապում են Ասադի ռեժիմի եւ Թուրքիայի գործողությունների արդյունքում:

«Ցավոք, մեր քուրդ դաշնակիցները, ովքեր մեզ հետ քաջաբար կռվեցին «Իսլամական պետության» դեմ, ստիպված են Թուրքիայի գործողությունների պատճառով Սիրիայի հյուսիսում լքել իրենց բնակավայրերը։ Թող Ներկայացուցիչների պալատում այսօրվա մեր քվեարկությունը հիշեցում լինի նախագահ Էրդողանին ու նրա կառավարությանը, որ Միացյալ Նահանգ հետեւում է իրադարձություններին։ Մենք պետք է մեր հստակ ուղերձը հղենք ինչպես մեր հայ, այնպես էլ քուրդ եղբայրներին ու քույրերին՝ մենք ձեզ չենք լքի, այլեւս երբեք»,- եզրափակել է խոսքերը դեմոկրատ գործիչը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախատեսում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

ՈՒՂԻՂ ԵԹԵՐ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քննարկում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (քննարկումների երկրորդ մասը)

Posted by Ամերիկայի Ձայն on Tuesday, October 29, 2019

աղբյուրը՝ ArmTimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ