Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010-ից:
Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նա հայտնեց, որ Նաիրի Հունանյանը 2010թ. մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք տարբեր տարիներին նշանակվել են մասնագետների կողմից:
Նոնա Նավիկյանը տեղեկացրեց նաև՝ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Կարեն Հունանյանը՝ Նաիրի Հունանյանի եղբայրը, առողջական խնդիրներ չունի:
Հիշեցնենք, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի վերաբերյալ։
«Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվ տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր կրում է իր պատիժը», — ասված է հաղորդագրության մեջ: