«10 ամիսների տվյալներով՝ ունենք 7.9% արտահանման աճ…». վարչապետ Փաշինյան

2019 թ. առաջին 10 ամսվա տվյալներով՝ մեր երկրում 7,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է գրանցվել: Այս մասին խորհրդարանում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չնայած գրեթե ակնհայտ է, որ մենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու, բայց Ֆինանսների նախարարությունը գնահատում է 6,3 տոկոս տնտեսական աճի հնարավորություն, թեպետ Կենտրոնական բանկը 6.9 տոկոս է գնահատում, այսինքն՝ մոտավորապես 7 տոկոս: Միջազգային կազմակերպությունները՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, բոլորը՝ առանց բացառության, վերագնահատել են Հայաստանում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները, և բոլորը՝ բարձրացման միտումով, այսինքն՝ նախկինում իրենց արված կանխատեսումները փոխել են պլյուսով, հիմա ավելի բարձր տնտեսական աճ են կանխատեսում Հայաստանի համար միջնաժամկետում, քան նախկինում կանխատեսել էին»,- ասաց նա:

Փաշինյանը վիճակագրական որոշ տվյալներ ներկայացրեց: Նա ասաց՝ 2019-ի առաջին 10 ամսվա ցուցանիշներով ունենք արդյունաբերական արտադրանքի ծավալի 9,7 տոկոս տնտեսական աճ, շինարարության՝ 4,4, առևտրի շրջանառության՝ 8.8 , ծառայությունների՝ 15,5 տոկոս, ունենք նաև միջին ամսական աշխատավարձի 5,9 տոկոս աճ, որից 7,6-ը՝ պետական, 4,1 տոկոսը՝ ոչ պետական հատվածում: Վարչապետը նկատեց՝ շատ կարևոր ցուցանիշ է արտահանման ծավալը: Նա նշեց՝ այս տարի արդեն ունենք 7.9 տոկոս արտահանման աճ:

«Տարվա սկզբին խնդիրներ ունեինք արտահանման առումով, մինչև 3 տոկոսով կրճատում ունեինք, սակայն վստահ էինք, որ այսպիսի ցուցանիշների հասնելու ենք»,- ասաց վարչապետը:

Իմ խոսքը Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը։

Ազգային ժողովում սկսում ենք Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, October 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ