Ինչ է ասել Էդմոն Մարուքյանը Նաիրի Հունանյանի մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հոկտեմբերի 27»–ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու ցանկություն չի ունեցել և չունի։ Այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ։

«2002–2012 թթ. եղել եմ ՀՀ արդարադատության նախարարության` ՔԿՀ–ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ։ Այսինքն` Հունանյանի հետ անարգել հանդիպելու հնարավորություն եմ ունեցել։ Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնելու»,–ասաց նա։

Մարուքյանի խոսքով` եղել են դեպքեր, որ մամուլում գրել են, թե Հունանյանը խցում չէ, և Մարուքյանն անցել է խցի մոտով` տեղեկությունը ստուգելու համար, սակայն երբեք ներս չի մտել։

Պատգամավորը նշեց` Հունանյանը դահիճ է, դահիճների պարագլուխ, նման մարդու հետ հանդիպի, որ ի՞նչ անի։

«Նաիրի Հունանյանի` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքի բավարարման համատեքստում դեռ պետք է քննարկվի` հանրությունը պատրա՞ստ է նման մարդուն հասարակություն հետ ընդունելու։ Ես վստահ եմ, որ նման բան տեղի չի ունենա։ Իսկ ով ուզում է հանդիպել Հունանյանի հետ, իր անձնական հարցն է»,–ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ