![]()
Մամուլում նախօրեին հրապարակվել էր տեղեկություն, ըստ որի՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի գործունեությունն անհանգստություն է առաջացրել զինված ուժերի սպաների, առաջնագծում գտնվող հրամանատարների շրջանում:
Տողատակն այն է, որ հանձնաժողովը փնտրում է, այսպես ասած, մեղավորներ: Միևնույն ժամանակ, հանձնաժողովի ղեկավարն ու մասնակիցները հայտարարում են, որ մեղավոր փնտրելն իրենց գործը չէ, իրենք ուզում են հասկանալ, թե ինչ է կատարվել, ինչ սխալներ են եղել, ինչ բացթողումներ, որոնք կարող էին կանխել կորուստների մի մասը՝ թե՛ մարդկային, թե՛ դիրքային: Իհարկե նշվում է, որ եթե պարզվի՝ եղել են հանցավոր թերացումներ, ապա իրավապահները կարող են զբաղվել դրանով:
Ունե՞ն այդ ամենից անհանգստանալու պատճառ սպաներն ու հրամանատարները: Իհարկե, եթե եղել են հանցավոր բնույթի բացթողումներ, անշուշտ ունեն: Իսկ վտանգավոր խնդիրների մասին խոսել են անգամ նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Հետևաբար, եթե եղել է հանցավոր բացթողում, ապա այդ հանգամանքը պետք է արժանանա լիարժեք քրեաիրավական գնահատման:
![]()
Դա ամենևին չի նշանակում անպայման որևէ մեկի ազատազրկում, սակայն հանգամանքների ամբողջական բացահայտումը բխում է անմիջապես հենց առաջնագծում սպաների և հրամանատարների հետագա անվտանգության հանգամանքից, քանի որ պատկերը ամբողջապես պարզելը լինելու է կանխարգելիչ քայլ, որը առավելագույնս ապահովագրելու է հնարավոր բացթողումների կրկնությունից:
![]()