![]()
«Աստվածաշունչ» բառը նշանակում է «Աստծո շունչ»: Եվ ողջ աշխարհում հայերենը միակ լեզուն է , որում «Աստվածաշունչ» բառն ուղիղ կապ ու հարաբերություն ունի Աստծո հետ: Այլ լեզուներով Աստվածաշունչը հնչում է Bible (անգլ.), Библия (ռուս.) և այլն: Աստվածաշնչի առաջին հայերեն թարգմանությունները կատարվել են քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց՝ 301 թվականից անմիջապես հետո:
Այդ ժամանակ Հայաստանում դեռևս այբուբեն գոյություն չուներ, և հոգևոր ծառայողները բանավոր կերպով թարգմանում էին Աստվածաշունչը՝ երկրում քրիստոնեությունը տարածելու և ծիսակատարություններ անցկացնելու համար:
405 թ., երբ մեծն Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, Աստվածաշունչն առաջին անգամ գրավոր թարգմանվեց հայերեն ասորական Պեշիթոյից: Պեշիթոն Աստվածաշնչի ասորերեն թարգմանությունն է: Երկրորդ թարգմանությունն արվեց հետագա տարիներին՝ 431 թ. կայացած Եփեսոսի Գ տիեզերական ժողովից հետո: Աստվածաշունչը հայերեն թարգմանողները դարձան Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Եզնիկ Կողբացին, Կորյունը, Հովսեփ Պագնացին, Հովհան Եկեղեցացին, Ղևոնդ Վարդապետը և այլք:
![]()
Թարգմանությունն արվեց դասական հին հայերենով՝ գրաբարով, որն էլ այսօր համարվում է Հայկական առաքելական եկեղեցու պաշտոնական լեզուն:
Առաջին հայերեն Աստվածաշունչը տպագրվել է Ամստերդամում 1666 թ. հոկտեմբերի 13-ին, հայ հոգևոր գործիչ Ոսկան Երևանցու ջանքերով: Գիրքը տպագրվեց այն ժամանակների համար չափազանց մեծ տպաքանակով՝ 5000 օրինակ:
![]()
![]()