Տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը չի զգուշանում

Մեկ տասնամյակ երկիր ղեկավարած, նախկինում էլ ուժային կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրած վարչապետ Սերժ Սարգսյանի  հեռանալը քննարկման առարկա չդարձավ: Իսկ երբ պաշտոնանկ արեցին երկու ուժային կառույցների ղեկավարներին, մասնավորապես՝ ԱԱԾ ղեկավար Վանեցյանին, հակահեղափոխականների քարոզչությունը սաստկացավ:

Այն բանից հետո, երբ մեղադրյալ Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեց, մերժվածների հակաքարոզչությունն ավելի ագրեսիվ բնույթի է:  Դաշնակները  բացահայտ  հայտարարում են, որ կկրկնվի 1998 սցենարը, իսկ 1998 թվականն ինչ աղետ բերեց երկրի գլխին, կարծում ենք մանրամասնելու կարիք չկա: Քոչարյանի աջակիցները հայտարարում են, թե իրենց պայքարը նոր փուլ է թևակոխելու: Ինչի՞ դեմ են պայքարում, երբ իրենց պաշտպանյալին առաջադրված է ծանրագույն մեղադրանք և դատարանում պիտի ապացուցի իր անմեղությունը: Պատերազմի վտանգից են խոսում, Ղարաբաղի և Հայաստանի միջև հակասություններից են խոսում: Հակառակորդները ոչնչի դեմ չեն  կանգնում, միայն թե խուսափեն արդարադատությունից:

Կարծես թե իշխանություններին ոչինչ չի անհանգստացնում: Վարչապետը շրջակայում է:  Ախր ինչպես կարող է հոկտեմբերի 27 տեսած երկրի ղեկավարը հանգիստ լինել: Իսկ մինչև հոկտեմբեր 27-ը Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջապատից ՀՀ  Ներքին գործերի փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը, պաշտոնապես հաստատված վարկածի համաձայն, երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում, ՊՆ-ի տեղակալ Վահրամ Խոռխոռունին  սպանվել է Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից:  Իհարկե սպանություններն ու ինքնասպանությունները սկիզբ են առել գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունով և ճանապարհային դատախազ Արամ Կարապետյանի ինքնասպանությունով: Քոչարյանն իր ղեկավարման տասնամյակին  հրաժեշտ տվեց արյունոտ մարտի մեկով:

ՀՀ քաղաքացին սարսուռով է հիշում էդ տարիները: Իսկ այսօր հայտնաբերվել է 1999-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով:

Հենց սկզբից, տեսնելով Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը, մեծ խելք պետք չէր ենթադրելու համար, որ հետագայում նման զարգացումներ կարող են լինել: Այնուհետև, ունենալով ԱԺ-ում մեծամասնություն՝ մերժվածների ստեղծած օրենքները թողեց նույնը, իրենց օրենքներով և իրենց կադրերով իրենց դեմ էր պայքարում: Արդյունքը զրո:

Իսկ ինչու՞ Փաշինյանը չէր զգուշանում, երբ գաղտնալսում էին ուժային կառույցների ղեկավարներին, եթե ուժայիների ղեկավարները պաշտպանված չեն, էլ ուր մնաց շարքային քաղաքացին պաշտպանված լինի: Իսկ հիմա ինչ արեց, ուժայինները տվեց ժամանակավոր պաշտոնակատարների, ինքն էլ հանգիստ գնաց շրջակայության: Հակառակորդը զինված է ահռելի ռեսուրսներով: Իշխանության հույսը ժողովուրդն է, բայց նաև չպետք է մոռանալ, որ ժողովրդի մեջ պիցցայակերներ ու 5000 դրամանոցներ կան և ավելի թանկանոցներ: Դեռ ամիսներ առաջ էդ մարդիկ ազդարարում էին, որ աշունը թեժ է լինելու:

Տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը չի զգուշանում: Նիկոլ Փաշինյանը պիտի հասկանա, որ սա միայն իր պարտությունը չի լինելու, պետության ու հասարակության պարտությունն է լինելու, և պատասխանատուն ինքն է: Գնալով վտանգն ավելի առարկայական է դառնում:

Ջավահիր Այվազյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ