![]()
«Հունանյանը 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որպեսզի իր հանդեպ նախաքննությունը մեղմ ընթանար, եթե ինքը համագործակցեր նախաքննական մարմնի հետ և ասեր, թե ինչ է տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ին»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության ղեկավար, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմումին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Նաիրի Հունանյանն ու իր խմբի անդամները սկզբում, իմ տպավորությամբ, պատրաստ էին հոգեբանորեն համագործակցել նախաքննական մարմնի հետ, բայց առաջացան խոչընդոտներ եւ վախեր՝ հնարավոր բացահայտումների առումով»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով՝ եղան ժամանակներ՝ տարբեր շրջանակներ՝ քաղաքական եւ ոչ քաղաքական, որոնք, իրենց վախերից ելնելով, ամեն ինչ անում էին, որ Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտումը կա՛մ տեղի չունենա, կա՛մ ունենա իրենց ուզած ձեւաչափով: «Նման վախ ուներ նաեւ այդ ժամանակվա իշխանությունը ներկայացնող թիվ 1 իշխանավոր Ռոբերտ Քոչարյանն իր թիմով: Այդ թիմից կասկածյալներ կային. Ալիկ Հարությունյանը գտնվում էր կալանքի տակ: Հոկտեմբերի 27-ի բացահայտման առումով քաղաքական պրոցեսները այնպես գնացին, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի այդ բացահայտումը տեղի չունենա: Ավելին՝ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի կողմից ձեւավորված իշխանությունը շատ կարճ կյանք ունեցավ, որովհետեւ վարչապետ դարձավ Արամ Սարգսյանը, որի կառավարությունը չունեցավ հնարավորություն՝ լիարժեք հասնելու բացահայտմանն այդ կարճ ժամանակահատվածում»,- մանրամասնեց Անդրանիկ Քոչարյանը:
Հարցին, թե ինքը այս ողջ ընթացքում այցելե՞լ է Հունանյանին և տեղյակ է, որ Հունանյանը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, Քոչարյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ հոգեկան խնդիրներ ունեցել են իր մայրն ու քեռին՝ Վռամ Գրիգորյանը, ով մեկուսարանում կախվեց անհատ պայմաններում: Նա չեր կարող հոգեկան խեղումներ չունենալ, քանի որ այդ տեսակ մարդկանց են օգտագործում՝ հանցագործության մղելու համար»:
Քոչարյանը հավելեց, որ եթե Նաիրի Հունանյանը պատրաստ լինի մինչև այժմ անհայտ դրվագներ ներկայացնելու հասարակությանը և նախաքննական մարմնին, այդ ժամանակ, բնականաբար, նախաքննական մարմնի աշխատանքներին ինքը և այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն, կփորձեն օգնել, որ 27-ի լիարժեք բացահայտումը դառնա իրականություն:
Լրագրողների հարցին՝ արդյոք ազդակ կարո՞ղ է լինել այն, որ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ արձակման խնդրանքով, քանի որ նա նոր ասելիք ունի, վերջինս պատասխանեց. «Ո՛չ, դա կարող է այլ ազդակ էլ լինել: Երևի իրեն ինչ-որ մարդիկ հույս են տվել, որ նա կարող է այդպիսի հնարավորություն ունենալ ազատության մեջ հայտնվելու, բայց դա հաստատ իշխանությունների հետ որևէ կապ չունի»:
Քոչարյանի մեկնաբանությամբ՝ այսօր մենք լրատվական ահաբեկչական գործողությունների ականատեսն ենք լինում, հատկապես բացահայտումների շեմին, և խոսքը միայն Հոկտեմբերի 27-ի մասին չէ, այլ նաև Մարտի 1-ի:
![]()