Երեկ նայում եմ վարչապետի մոտ զոհվածների մայրերի ընդունելության կադրերը և տիկին Մառոզի պահվածքը և չեմ կարող չարտահայտվել․․․

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Մոտ 10 տարի առաջվա դեպք է :Այն ժամանակ զինվորականների, պատերազմի հաշմանդամների և զոհվածների ընտանիքների թոշակները տալիս էին զինկոմիսարիատներում: Ես էլ , իմ՝ Արցախյան պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամի թոշակը ստանում էի Արթիկի զինկոմիսարիատից:

Քանի որ մայրս երբեք չէր գնում Արթիկ, իր՝ որպես զոհվածի ծնողի թոշակը ստանալու, աշխատակիցը, մորս անձնագրով ինձ էր տալիս թոշակը, որպեսզի ստիպված չլիներ այն գյուղ բերել: Մի օր էլ, երբ զինկոմիսարիատի կասսիրի մոտ էի պատրաստվում մտնել, ներսից աղմուկ լսեցի:

Մոտ 20 րոպե ստիպված եղա սպասել, մինչև ներսում գտնվողները դուրս եկան: Երբ մտա, աշխատակիցը վրդովված պատմեց, որ զոհված պայմանագրայինի մայրն ու կինն էին ներսում վիճում:

Թոշակը կնոջ անունով էր, բայց մայրը պահանջում էր, որ փողը իրեն տան: Ինքը զոհվածի մորը բացատրել էր, որ թոշակը նշանակված էր զոհվածի կնոջը և անչափահաս երեխաներին, իսկ մորը կնշանակեն, երբ նա կենսաթոշակային տարիքի լինի, բայց մայրը պահանջում էր, որ իր որդին է և թոշակը պետք է ինքը ստանա:

Շատ տհաճ իրավիճակ էր: Հատկապես ինձ համար,որ մայրս նույնիսկ զինկոմիսարյատի տեղը չգիտեր ( անկախ նրանից, որ չորս որդի էր ճանապարհել բանակ, իսկ հետո նաև պատերազմ) դժվար էր պատկերացնել, որ նման բան հնարավոր է լինել:

Բայց իրականությունը սա էր:

Ինչու՞ հիշեցի այս պատմությունը…

Երեկ նայում եմ վարչապետի մոտ զոհվածների մայրերի ընդունելության կադրերը և տիկին Մառոզի պահվածքը և չեմ կարող չարտահայտվել: Տիկին Մառոզը, ով Սերժիկի ժամանակ ստեղծել էր իր կազմակերպությունը և իրեն նույնիսկ իրավունք էր վերապահում զորամասերում ստուգումներ կատարել և այս բնագավառում հաշվետու չէր ոչ մեկին, պահանջում է , որ 1 000 դրամների հիմնադրամի գումարները տան իրեն, որ ինքը վճարի: Չեմ ուզում ստանձնել տիկին Մառոզի քննադատի, կամ Նիկոլի փաստաբանի դերը, որը շատ անշնորհակալ գործ է , բայց պիտի ասեմ.

Նախորդների ժամանակ անսահմանափակ արտոնություններ ունեցող սույն տիկինը չի կարողանում համակերպվել, որ ՊՆ-ն իրենից լավ կարող է կատարել այդ գործառույթները:

Եվ տիկին Մառոզի կազմակերպությունը և Երկրապահը և բոլոր նման կառույցները պետք է լինեն պատերազմի մասնակիցների և զոհվածների հարազատների իրավունքների պաշտպանության կազմակերպություններ, իսկ ֆինանսական հարցերով պետք է զբաղվի պետությունը: ՊՆ-ն մեր երկրի ամենակայացած կառույցներից մեկն է և պետք չէ երկիրը նորից ետ տանել դեպի ֆիդայական ժամանակներ:

Ինչու՞.

ՈՐՊԵՍԶԻ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱ…»:

 

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ