9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ երեխայի ծնողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ երեխայի ծնողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«ՊՎԾ կասեցված պետի կողմից երեխային վրաերթի ենթարկելու մասին ծնողը հաղորդում ներկայացրեց ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչին», — գրել է Աթանեսյանը:

Հիշեցնենք՝ Analitik.am-ը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Դավիթ Սանասարյանը հերքել էր տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառը»։

Analitik.am-ի տեսանյութի տարածումից հետո Սանասարյանը հայտարարեց, որ դա «շինծու մեղադրանք է մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։

Իրականությունը պարզելու ակնկալիքով Aysor.am-ն առավոտյան կապ հաստատեց «Արմենիա» բժշկական կենտրոնի պատասխանատուների հետ, որտեղ դեպքից հետո տեղափոխել էին երեխային:

Բուժկենտրոնի ընդունարանի վարիչ Կարինե Աբաջյանը, սակայն, պնդեց, որ սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարան վրաերթի ենթարկված 9-ամյա տղա չի ընդունվել:

«Ինձ մոտ գրանցված նման հիվանդ երեխա չկա։ Չի եղել նման դեպք։ Ես չգիտեմ՝ ով է գրել, ինչ են գրել։ Ես կուզեի այդ երեխայի մորը տեսնել, և ինքը գար ու ասեր, որ այստեղ նման բան է եղել։ Իմ ընդունարանում նման բան չի եղել», — նշել էր Աբաջյանը:

Ավելի ուշ, «Արմենիա» բուժկենտրոնի բժիշկ Արսեն Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է, որ ինքն է բուժօգնություն ցուցաբերել երեխային: Ըստ Գևորգյանի՝ երեխայի մոտ ոսկրաբանական որևէ խնդիր՝ կոտրվածք, հոդախախտեր, այլ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Արսեն Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում հավելել է նաև, թե  հիվանդանոցի ներքին կանոնակարգի համաձայն՝ ոստիկանություն հայտնվում են այն դեպքերը, որոնք խնդրահարույց են, կամ որոնց դեպքում կա կոտրվածք:

աղբյուրը՝  Aysor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ