![]()
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կիսվել է համացանցում իր վերջին հայաստանյան այցից ստացած տպավորություններով: Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության լուսանկարներից է հրապարակել և գրառում արել:
«Այցելությունը հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան շատ էմոցիոնալ ստացվեց: Թանգարանում այդքան լուսանկարներ տեսնելուց և այդքան փաստաթղթերի հետ ծանոթանալուց հետո ես չեմ կարող հավատալ, որ մարդիկ դեռ փորձում են ժխտել տեղի ունեցածը: Մենք երբեք չենք մոռանա, որ 1,5 միլիոն հայ է սպանվել»,- գրել է Քարդաշյանը Instagram-ի իր միկրոբլոգում:
Նրա այս գրառումը 1 միլիոնից ավելի հավանության և շուրջ 6500 մեկնաբանությունների է արժանացել: Մեկնաբանություններ են եղել նաև թուրք օգտատերերի կողմից, որոնք տարակուսել են Քիմ Քարդաշյանի խոսքերից:
«Հանե´ք ձեր դիմակները և հիշե´ք Ղարաբաղը: Մեր պատմությունում չի եղել ոչ մի ցեղասպանություն: Դու չգիտես պատմությունը և բավական է ստես: Ցեղասպանություն չի եղել, բավական է վարկաբեկել թուրք ժողովրդին և թուրքական պատմությունը»,- գրել են թուրք օգտատերերը:
Սակայն մյուս օգտատերերի բացարձակ մեծամասնությունը աջակցել է Քարդաշյանին: Ոմանք նշել են, թե Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, կհպարտանար իր աղջկանով, եթե ողջ լիներ:
Շատերն էլ պարզապես շնորհակալություն են հայտնել Քիմին Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշման համար:
![]()
![]()