![]()
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ Աշխաբադում տեղի ունեցած նիստի ժամանակ այսօր հիշատակեց հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին՝ դժգոհելով «ֆաշիստներին հերոսացնող կոթողներ» Հայաստանում տեղադրելու փաստից:
Ելույթին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւին մեղադրելով պատմությունը խեղաթյուրելու փորձերի մեջ:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորում Ալիեւի կողմից նման թեմայի արծարծումն այդ նիստի ընթացքում՝ մանավանդ գրավոր (նախապատրաստված) ելույթի տեսքով:
«Ալիեւը շատ խորամանկ հաշվարկ էր արել, եւ Գարեգին Նժդեհի թեմայի արծարծումն իսկապես լավ նախապատրաստված էր: Ալիեւի թիրախը հայ-ռուսական հարաբերություններն էին: Նա մի քանի բան լավ գիտի. ֆաշիզմի դեմ պայքարը եւ, ընդհանրապես, երկրորդ համաշխարհային պատերազմում Սովետական միության տարած հաղթանակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար սուրբ թեմա է, սուրբ խաղաքարտ:
Մենք՝ բոլորս, եւ նաեւ Ալիեւը հետեւում է, թե ինչպես է նա այդ խաղաքարտն ամեն տարի շքերթներով եւ այլնով խաղարկում: Եվ այս թեմայի տակ Ալիեւը խորամանկորեն դրել էր մեկ այլ թեմա՝ Գարեգին Նժդեհին:
Տարիներ առաջ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնական մակարդակով (ԱԳՆ խոսնակի մակարդակով) եւ մերձկրեմլյան փորձագետների միջոցով «հարձակում» գործեցին, թե ինչպես ենք համարձակվում Հայաստանում կանգնեցնել Նժդեհի արձանը, որը, ըստ էության, ոչ թե ֆաշիզմի դեմ է կռվել, այլ նացիստների հետ համագործակցել է:
Ալիեւը փորձեց ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ Նժդեհին տեղավորելով այդ՝ Պուտինի համար սուրբ սրբոց հանդիսացող թեմայի մեջ եւ փորձեց հասնել նրան, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ե’ւ ստանձնի պատասխանատվությունը, ե’ւ պատասխանելու բան չունենա»,- ասաց Սաֆարյանը:
Ըստ քաղաքագետի, սակայն, ՀՀ վարչապետի պատասխանն «ուղղակի հրաշալի էր, փառահեղ»:
«Որքան էլ այն Նժդեհի ամբողջական գործունեությունը չէր արտացոլում, բայց զուտ քաղաքական տեսանկյունից (որովհետեւ Նժդեհը նաեւ Հայաստանն է փրկել եւ Արցախի բռնակցմանն է դեմ արտահայտվել), վարչապետի պատասխանը շատ ճիշտ հարթության վրա էր: Իհարկե, Նժդեհի մասին վարչապետը շատ ավելին գիտի եւ կարող էր խոսել, բայց այն պատասխանը, որ տրվեց Ալիեւին, բավարար էր՝ նրան նվաստացնելու համար:
Ընդ որում, Փաշինյանը նրան մեղադրեց ոչ միայն պատմության փաստերը խեղաթյուրելու մեջ, այլ նաեւ հեգնեց. «Կովկասի գերուհի»-ն ֆիլմի Շուրիկի հիշատակումն ուղղակի ոչնչացնում էր Ալիեւին, դարձնում նրան 6-րդ պալատի սուբյեկտ: Նա նաեւ խաղի կանոն էր թելադրում՝ հանդիմանելով Ալիեւին հարթակը եւ խոսափողը նման բաների ծառայեցնելու համար»:
Շուրիկի հիշատակումն ուղղակի ոչնչացրեց Ալիեւին, դարձրեց 6-րդ պալատի սուբյեկտ. Ստյոպա Սաֆարյանhttp://armedia.site/?p=7889
Posted by Gayane Khazaryan on Friday, October 11, 2019
![]()