![]()
Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել մարզի գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերն ու հնարավոր ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են գինեգործության զարգացմանը, խաղողի նոր ժամանակակից այգիների հիմնմանը, վարկային միջոցների տրամադրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում` ճանապարհաշինությանը, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներին, ջրամատակարարմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը, անդրադառնալով բիզնես ոլորտին, նշել է, որ մեր երկրում պետք է փորք, միջին և խոշոր բիզնեսի վերաբերյալ ճիշտ ախտորոշում անել:
«Հայաստանում խոշոր բիզնեսի իմիջը և ընկալումը փոխելու անհրաժեշտություն կա: Պետք է խոստովանենք, որ խոշոր բիզնես ասելով՝ մինչև հիմա Հայաստանում հասկանում ենք վատ բան, սակայն իրականում այդ փոփոխությունը հիմա տեղի է ունենում, մարդիկ սկսում են հասկանալ, որ այն այդքան էլ վատ բան չէ: Խոշոր բիզնեսը պետք է կատարի առաջնորդող դեր: Ցավոք, մինչև հիմա փոքր և միջին բիզնեսի մասին խոսում ենք «յոլա գնալու» տրամաբանությամբ, սակայն փոքրը նրա համար է, որ դառնա միջին, միջինը` խոշոր, իսկ վերջինս՝ գլոբալ բիզնես: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի կամաց-կամաց հանրությունը խոշորին չընկալի որպես գիշատիչ մի բան, որը հոշոտում է ամեն ինչ: Փոքր և միջին բիզնեսին պետք է կարողանանք պաշտպանել, բայց դա չի նշանակում, որ պետք է խոշորի հնարավորությունները սահմանափակենք»,- ասել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարը հավելել է, որ այժմ մեր երկրում տեսնում ենք նոր սերնդի գործարարների, և հանրությունը պետք է նրանց ընկալի որպես գործող ամենակարևոր անձերի:
«Երբ ասում ենք թոշակ, զինվորի կարիքների լուծում, կրթություն, ապա այդ կարիքները բավարարվում են գործարարների հարկերից, հետևաբար վերջինս պետք է զգա ոչ միայն կառավարության, այլև հանրության վերաբերմունքը»,— նշել է վարչապետը:
![]()