«Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից հավելյալ կստանա ամսական 240 000 դրամ». վարչապետ Փաշինյան

Կառավարության որոշմամբ՝ կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի և նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի և ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման անհնարինության (բացակայության) պատճառով պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի գնահատականը տալ հնարավոր չէ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այս որոշմանը, թեմայի հետ անմիջականորեն չառնչվող մի հարցի անդրադարձավ:

«Երեկ կարևոր որոշում է կայացվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդու: 2020 թ. հունվարի 1-ից աջակցություն կստանան նաև 1998 թ. հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները»,- ասաց նա:

Դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ վարչապետն ասաց, որ պատեհ առիթ է մեկ-երկու բառով ներկայացնել այդ որոշումը, քանի որ այլ մանրամասներ կան: Վարչապետը նկատեց՝ սա արդեն երրորդ այդպիսի որոշումն է, որով հետ են գնում, և այս նոր որոշումն էլ կայացվում է նույն պարամետրերով, ինչ կայացվել են նախկին համանման որոշումները:

Տոնոյանը պատասխանեց.

«Մենք, այսպես ասած, սոցիալական արդարության սկզբունքը ընդունում ենք որպես առաջնային. եթե զոհած սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ կստանա նաև 240 հազար դրամ՝ ապահովելով նույն հատուցման չափը, որ տրվում է 2017 թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար՝ 300 000 դրամ միջինացված գումարը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ