![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Էջմիածին և մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկել է Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակին նվիրված հանդիսավոր նիստով, որը տեղի է ունեցել քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում:
Հանդիսավոր նիստի ավարտից հետո վարչապետը շրջել է Էջմիածնում, հանդիպել էջմիածինցիներին և շնորհավորել նրանց քաղաքի հիմնադրման օրվա առթիվ: Տոնական միջոցառումների շրջանակում կառավարության ղեկավարը քաղաքի Սուրբ Մարիանե այգում հետևել է «Ռուբեն Նալբանդյան Վարպետաց դպրոցի» սաների կողմից քանդակագործության արվեստի ցուցադրությանը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Էջմիածնի օրվա առիթով այսօր շահագործման հանձնված Հայաստանում առաջին «խելացի կանգառ»՝ ստեղծված Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Վարչապետը ծանոթացել է «Խելացի կանգառի» հնարավորություններին՝ տեղադրված են հատուկ էկրաններ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են տեղեկություններ ստանալ նախատեսված երթուղիների, իրենց հետաքրքրող երթուղու համարի և այլ մասին։ Կանգառը փակ է՝ ապահովված օդափոխության և ջեռուցման համակարգերով, տեղադրված են աղբը տեսակավորելու համար նախատեսված աղբամաններ, գործում է հակահրդեհային համակարգ, ուղևորափոխադրումը վերահսկող տեսախցիկներ։ Կանգառն առաջարկում է բազմաթիվ տեղեկություններ նաև զբոսաշրջիկների համար՝ քաղաքի տեսարժան վայրերի, ժամանցի վերաբերյալ, գործում է անվճար wifi կապ, բջջային սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ և վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի սարքեր։
Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակը նշում եմ էջմիածինցիների հետ. մասնակցում եմ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, October 8, 2019
![]()