![]()
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի եւ երեխաների հետ ժամանեց Հայաստան։ Նա, սակայն, ժամեր շարունակ Զվարթնոց օդանավակայանում իրեն սպասող լրագրողների հետ այսօր չհանդիպեց, քանի որ, ինչպես տեղեկացրեց WCIT ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը, երեխաները 16 ժամյա թռիչքից հետո հոգնած էին, քնած էին։ Քարդաշյանները օդանավակայանից դուրս են եկել նախագահական մուտքով։
Կազմակերպիչը տեղեկացրեց, որ թաքցնելու բան չի եղել, եւ Քարդաշյանը խոստացել է առանձին հանդիպել հայկական լրատվամիջոցների հետ։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն այստեղ է՝ մասնակցելու Երեւանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին:
WCIT 2019 համաժողովի Հանրային կապերի խումբն ավելի վաղ հայտնել էր, որ հեռուստաաստղ, ձեռնարկատեր, պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող եւ պանելիստ: Նրա պանելը կլինի երեքշաբթի։
Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի եւ լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը եւ թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին։
![]()