«Մեքենայի անիվը ծակվում ա, խփում ա պատին, ասում ա՝ վա՜յ, մենք բա սրա համա՞ր ենք պայքարել». վարչապետ Փաշինյան

Ի՞նչ եք ուզում, ՀՀ-ում գաղտնիք չկա, ասացինք, ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզո՞ւմ եք կարմիր թղթապանակները Հայաստանից վերացնենք: Այս մասին Աժ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ քաղաքացիներն իրեն դիմում են և ասում, թե եկել են իշխանության, բայց ամեն ինչ անում են նախկին իշխանությունների պես: «Քաղաքացի Պողոս Հարությունյանը մեղադրանքը ուղղեց՝ մենք ձեզ հավատացինք, մենք ձեզ ազգովի ձայն տվեցինք, մենք ձեզ բերեցինք իշխանության, բայց հիմա նախկին իշխանությունների Սահմանադրությունն է, նախկին իշխանությունների ընտրական օրենսգիրքը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, կարմիր գիծն ու արագաչափը, սուպերվարչապետությունը, բարձրագույն պաշտոնյաների գաղտնի ծախսերն ու դրանցից բխող ծառայողական առանձնատներն ու մեքենաները, նախկին իշխանությունների պես ավելացնում եք արտաքին պարտքը, նրանց պես գործազրկության ու աղքատության ցուցանիշներն եք պահպանում, նախկին իշխանությունների տնտեսության աճի տեմպերը, քաղաքական մենաշնորհը, նախկին իշխանությունների Ամուլսար, կոնվենցիա, ես փորձեցի բացատրել, որ ընդդիմադիր եմ և որպես ընդդիմություն կբարձրացնեմ ձեր հարցը, ի՞նչ պատասխանեմ էդ քաղաքացուն»,- ասաց Ուրիխանյանը:

Ի պատասխան հարցին՝ վարչապետն ասաց, որ մի քիչ լավ չհասկացավ, թե ինչ նկատի ունի պատգամավորը նախկին իշխանությունների տնտեսական աճ ասելով:

«Այսինքն, եթե նախկին իշխանությունների օրոք Հայաստանում արձանագրվել է 5, 4 կամ 3 տոկոս կամ 7 տոկոս տնտեսական աճ, տրամաբանությունն այն է, որ մենք պետք է այնպես անենք, որ տնտեսական անկո՞ւմ տեղի ունենա, դա՞ է մեր առաջարկած տրամաբանությունը»,- ասաց նա և հավելեց. «Ինչ վերաբերում է Ձեր խոսքի մեջ նշվեց Կառավարության առանձնատներ, չգիտեմ, այլ շենքեր… օրինակ՝ երեկ, առաջին օրն այդ Կառավարության շենքերից մեկում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմի ընդունելություն և դա պետական գույք է: Այսինքն, հիմա ձեր տրամաբանությունն այն է, որ ինչքան պետական շենքեր ունենք, այդ պետական շենքերը չպե՞տք է նորոգենք, որ 5 տարի հետո էլ ասեք, որ այս շենքերը, ոտքի վրա կանգնած, փոխանցվել են ձեզ և հիմա չորս տարվա արդյունքում ավերա՞կ են դարձել այդ շենքերը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ