«Քանի որ «վեթինգ» բառն ալերգիաներ էր առաջացնում, որոշեցինք վերնագիրը փոխել…». վարչապետ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկման ժամանակ արձագանքեց պետական պաշտոնյաների բարեվարքության կանոնների սահմանման անհրաժեշտության մասին հայտարարությանը: Վարչապետն ընդգծեց՝ այստեղ նուրբ քաղաքական պահ կա, մերձքաղաքական:

«Հիմա կան այդպիսի հայտարարություններ, որ՝ այ, կառավարությունը հայտարարեց «վեթինգ, վեթինգ», հետո վեթինգից հրաժարվեցին: Մենք ուղղակի ուղիղ ասում ենք՝ քանի որ հասկացանք՝ այդ բառն ինչ-որ մեծ ալերգիաներ է առաջացնում, որոշեցինք՝ բովանդակությունը մնա, վերնագիրը լինի ուրիշ: Ի՞նչ ենք ասում՝ ՀՀ դատավորի, պաշտոնյայի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն, և մենք դրանք քայլ առ քայլ իրականացնում ենք, ստեղծում ենք»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ իրեն հուզող հաջորդ հարցն էր, թե կատարվող փոփոխությունները ինչ ազդեցություն կունենան ԱԱԾ գործունեության վրա, ԱԱԾ-ն՝ որպես կառույց, որպես մարմին, ինչքանով կուժեղանա կամ կթուլանա: Վարչապետն ասաց, որ քննարկումների արդյունքում իր եզրակացությունը միանշանակ էր՝ այդ փոփոխությունների արդյունքում ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի լուրջ կառույց, ուժեղ գործառույթներով, ավելի բովանդակային:

«Ըստ էության՝ այն պիտի դառնա մեր պետության, ժողովրդի անվտանգության ողնաշարը: Նույնն էլ, ըստ էության, վերաբերում է ոստիկանությանը: Այսպիսի բան կա, որ՝ այ, թուլացնում են կառույցները: Դա շատ մանրամասն ենք քննարկել, մեր եզրակացությունն է, որ շատ լուրջ ուժեղանալու է այս կառույցը, և շատ ավելի կարևոր լծակներ է ունենալու երկրի ազգային անվտանգությունն ապահովելու, սպասարկելու և սպառնալիքները կանխարգելելու վրա: Մեր խոսակցությունը հատկապես վերաբերում էր դրան, որ առավել կարևոր է ԱԱԾ գործառույթները, գործունեությունը կառուցել այնպես, որ իր հիմնական անելիքը լինի ազգային անվտանգության համար առաջացող սպառնալիքները կանխարգելելը, ոչ թե՝ դրանք տեղի ունենան, արդյունավետ բացահայտենք, այլ, որ ընդհանրապես տեղի չունենան»,- ասաց նա:

Վարչապետը համոզված է՝ լուրջ, 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխանող կառույց պիտի ստեղծվի, նա նշեց՝ կասկած չկա, որ իրենց առաջ դրված այդ խնդիրը կլուծեն, ոստիկանությունը ևս ուժեղանալու է հանրային անվտանգությունն ապահովելու իմաստով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ