![]()
ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի խոսնակ Ալեքսանդր Գուչկովը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանում մամուլում հրապարակված տեղեկությունը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ՌԴ դեսպանատանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:
Հարցին, թե Պուտինը երեկ եղե՞լ է դեսպանատանը, Գուչկովը պատասխանեց. «Դա նույնպես չեմ մեկնաբանի…Այդպիսին է մեր դիրքորոշումը: Թողնենք առանց մեկնաբանության»:
Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը մեր զրույցում հաստատեց հանդիպման փաստը, սակայն այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, թե մանրամասներ ու մեկնաբանություններ չունի:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ հանդիպումը եղել է Բելլա Քոչարյանի խնդրանքով եւ տեւել է մի քանի րոպե: Ենթադրվում է, որ Բելլա Քոչարյանը ՌԴ նախագահին խնդրել է միջնորդել ամուսնու համար:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին «Բաղրամյան 26» Տելեգրամ-ալիքը անդրադարձել էր Պուտին-Փաշինյան հանդիպումներից մեկի ընթացքում տեղի ունեցած մի դրվագի:
Պարբերականը գրել էր, որ հանդիպումներից մեկի ընթացքում Պուտինն սկսել է փաստարկներ բերել Քոչարյանի ազատ արձակման եւ քրեական հետապնդումը դադարեցնելու օգտին, իսկ Փաշինյանն իր հակափաստարկներով ապացուցել է, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է:
Երբ Պուտինի փաստարկներն ավարտվել են՝ նա ասել է. «Հասկանո՞ւմ եք, նա իմ ընկերն է»: Դրան ի պատասխան Փաշինյանն ասել է. «Ցավում եմ, որ Դուք այդպիսի ընկերներ ունեք»:
աղբյուրը՝ ArmTimes
![]()