![]()
Սեպտեմբերի 30-ին մամուլի ասուլիս է տվել ռուսաստանցի մեծահարուստ Արթուր Սողոմոնյանը, որը Երեւանի Փյունիկ ակումբի սեփականատերն է: Նա խոսել է ֆուտբոլի մասին, ասելով, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության փոփոխությունից մեկ տարի անց կան դրական փոփոխություններ, սակայն ոչ բավարար:
Նա խոսել է նաեւ մտահոգության մասին, մասնավորապես այն մրցավարի վերադարձի, որի կոպիտ սխալի հետեւանքով Փյունիկ ակումբը նախորդ առաջնության վերջին տուրում կորցրեց երկու միավոր եւ դրանից օգտվեց ռուսաստանցի մեկ այլ մեծահարուստ Սամվել Կարապետյանին պատկանող Արարատ-Արմենիան:
Արթուր Սողոմոնյանը համարում է, որ այդ կոպիտ սխալը թույլ տված մրցավարի վերադարձն առաջնություն եւ նշանակումը՝ այս կամ այն խաղը վարելու, ցույց է տալիս, որ ֆեդերացիային ամեն ինչ բավարարում է: «Եթե նմանատիպ խնդիրները չլուծվեն, առաջնությունների սկանդալային հանգուցալուծումները կարող են կրկնվել:
Դրական է, երբ քննադատությունը ճիշտ է ընդունվում և եզրակացություններ են լինում: Եթե փոփոխություններ չտեսնենք, միգուցե, դուրս կգանք առաջնությունից: Կոչ եմ անում լսել մեզ և կառուցողական քննարկումներ և փոփոխություններ ունենալ», – հայտարարել է Արթուր Սողոմոնյանը, որը նաեւ առաջարկում է ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա, համարելով, որ դա է զարգացման ճանապարհը:
![]()
Տեսանյութը ստորև…
Նյութի Աղբյուր՝ https://www.lragir.am/2019/09/30/480247/
![]()