![]()
Հայաստանի մի խումբ իրավապաշտպաններ ակցիա են իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։ Այնտեղ են իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանըմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հիմնադիր Սոնա Այվազյանը եւ այլք։
Իրավապաշտպանները մասնավորապես իրենց աջակցությունն են հայտնում գրասենյակի աշխատակիցներին, որոնց հանդեպ վերջին շրջանում անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում «ՎԵՏՕ» շարժման անդամները։ Նրանց, Նարեկ Մալյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 9-ից ամեն աշխատանքային օր հերթապահում են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի դիմաց՝ եւ այնտեղ ելումուտ անող քաղաքացիների հասցեին վիրավորական արտահայտություններ անում։ Նրանք հիմնադրամի բակում գետնին «սորոսի վաստակներ» գրություն են թողել։
Իրավապաշտպանները նարդի եւ շախմատ են խաղում ԲՀՀ գրասենյակի դիմաց։ Լեւոն Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քանի որ գրասենյակի դիմացի տարածքը հանրային տարածք է, իրենք որոշեցին այդտեղ անցկացնել իրենց ազատ ժամանակը եւ ազատ արտահայտվել այնպես, ինչպես նախկինում «ազատ արտահայտվել են» ուրիշները։
«Որոշեցինք այս հանրային տարածում այսպես անցկացնել մեր ազատ ժամանակը, մարդկանց էլ հրավիրել ենք նարդու բաց դասերի։ Հայաստանում որեւէ մեկի կողմից որեւէ տարածք չպիտի օկուպացված լինի, որեւէ մեկը չպիտի հանդգնի Հայաստանի որեւէ հրապարակային տարածքով անցնող-դառնող մարդկանց վարկաբեկել»,- շեշտեց Լեւոն Բարսեղյանը՝ նկատի ունենալով «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամների գործելաոճը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նկատեց, որ այս ողջ ընթացքում ոստիկանությունն անգործության է մատնված եղել։ Ըստ նրա՝ ոստիկանությունը դեռ չի պատկերացնում իր գործառույթները․
«Իրենց դիտորդի տեղ են դրել։ Հասարակական կարգի խախտման կամ խուլիգանության դրսեւորումները պատշաճ իրավական գնահատականի եւ օպերատիվ արձագանքի չեն արժանացել»,- ընդգծեց իրավապաշտպանը։ Նրա խոսքով՝ «ՎԵՏՕ» նախաձեռնության մասնակիցները օգտագործութում են ժողովրդավարական գործիքները՝ հակաժողովրդավարական նպատակներով, որովհետեւ, ըստ Սաքունցի, անցած ժամանակահատվածում ԲՀՀ-ն եւ նրա գործունեությունն ուղղված է եղել ժողովրդավրական ինստիտուտների, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրենք էլ համագործացել են ոչ միայն ԲՀՀ-ի, այլեւ տարբեր հիմնադրակների հետ՝ այդպիսով հնարավորություն ունենալով ավտորիտար իշխանության կողմից չվերահսկվող ֆինանսական միջոոցներով իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության գործունեությունը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հիմնադիր Սոնա Այվազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ակցիայով իրենց աջակցությունն են հայտնում հիմնադրամի աշխատակիցներին․
«Այն, ինչ տեղի է ունենում անհասկանալի խմբակի կողմից, անընդունելի է, պետական կառույցնենրը պետք է միջոցներ ձեռնարկեն կանխելու համար, մարդկանց իրավունքներն են խախտվում»։
Նկատենք, որ իրավապաշտպանների ակցիայի ժամանակ ԲՀՀ գրասենյակ եկան նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը։
![]()