![]()
Դատարանը բավարարել է Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը բավարարել է նաև Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Նրանք մեղադրվում են դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդում ու ոտնձգություն իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են դատավոր Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձել են հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր Facebook սոցիալական ցանցի էջում այս թեմայով գրառում էր կատարել։ Նախարարը գրել է, որ խստորեն դատապարտում է դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը, ըստ նրա, պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:
![]()
![]()