Ինչպես 23-ամյա Արմինեն հայտնվեց Gucci-ի տեսադաշտում

Ինչպես 23-ամյա Արմինեն հայտնվեց Gucci-ի տեսադաշտում և Ալեսանդրո Միկելեն ընտրեց նրան։ Հայ մոդելը մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը․ այս նորությունը բավականին լայն տարածում գտավ հայկական մամուլում:

Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի ցուցադրությանը հայտնվելու մասին շատ մոդելներ են երազում, իսկ ահա Արմինեն չէր էլ մտածում մոդելային կարիերայի մասին, սակայն հայտնվեց այդ ցուցադրությանը:

Նա գարնանը մեկնել էր Բեռլին՝ ներկա լինելու իր սիրելի կորեական խմբի համերգին: Հենց Բեռլինի փողոցում էլ նրան մոտեցել է մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ է եղել և առաջարկել լուսանկարել:

«Նա ինձ խնդրեց նկարել, հետո փոխանակվեցինք կոնտակտներով: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ լուսանկարս ուղարկել է Gucci-ին և ինձ ուզում են տեսնել ֆեյշըն շոուի ժամանակ: Ինձ խնդրում էր հաջորդ օրը մեկնել, սակայն ասացի, որ չեմ կարող, Եվրոպա մեկնելու համար մենք պետք է դիմենք վիզայի համար: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ միևնույն է, ինձ ուզում են տեսնել և հրավիրում են Գարուն-ամառ հավաքածուի ցուցադրության քասթինգին»,- պատմեց Արմինեն:

Նրա խոսքով՝ քասթինգին շատ են կարևորել բնական տեսքով ներկայանալը: «Սովորաբար քասթինգներին ներկայանում են բարձրակրունկներով, բայց իրենք ասել էին, որ ներկայանանք ցածրակրունկ կոշիկներով, արտասովոր ձևով չքայլենք, ներկայանանք այնպես, ինչպես առօրյայում: Gucci-ն առանձնանում է նրանով, որ գնում է դեպի բնականը:

Արմինեն չի քայլել պոդիումում, հագուստ է ցուցադրել շարժասանդուղքներին կանգնած: Խոստովանում է՝ պոդիումում քայլել էլ շատ կցանկանար, սակայն այնտեղ հայտնվելն արդեն իսկ մեծ պատիվ է իր համար․ «Իհարկե, կուզեի նաև քայլել, սակայն երբ դու այս ամենի մասնակիցն ես, արդեն մեծ պատիվ  է: 200 աղջիկ, որոնք շատ գեղեցիկ էին, չէին անցել նախնական քասթինգը ու տխուր հեռանում էին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ