Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՔԾ. նա հայտնել է, որ կներկայանա 15-20 օրից

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ ի պատասխան Կոստանյանը հայտնել է, որ գտնվում է արտերկրում եւ կվերադառնա 15-20 օրվա ընթացքում:

Մեր հարցին, թե Կոստանյանը ի՞նչ կարգավիճակով է կանչվել ՀՔԾ, Մարինա Օհանջանյանն ասաց, որ այդ մասով տեղեկատվություն չի կարող փոխանցել:

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն ծավալուն հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ, որտեղ նշվում է նաեւ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները:

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, 2008 թվականի հուլիսի 2-ից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ապօրինի մասնակցության պարտակումը կազմակերպելու համար ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, զրուցել ենթակա անձնակազմի հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին:

Գեղամ Պետրոսյանին նաև կարգադրել են հիշյալ հարցերի շուրջ սերտ համագործակցել քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ և կատարել նրա տված հանձնարարությունները՝ այդ մասին նախապես կարգադրելով նաև վերջինիս: Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի տված ցուցումները կատարելու ընթացքում Գեղամ Պետրոսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաճախակի հանդիպել է Վահագն Հարությունյանի հետ և նրանից ստացել հանձնարարություններ:

Գեւորգ Կոստանյանն այսօր մի քանի լրատվամիջոցներով հայտարարություն է տարածել՝ նշելով մասնավորապես հետեւյալը. «Մամուլում հրապարակված նյութից պարզ է դառնում, որ ես և Գևորգ Մհերյանը մեղադրվում ենք ոստիկանության պետին ինչ-որ ցուցումներ ու հանձնարարականներ տալու մեջ, ինչն, ի դեպ, բացարձակ հերքում է հենց այդ մտացածին ցուցումների և հանձնարարականների հասցեատեր Ալիկ Սարգսյանը: Միայն այսքանը բավարար է արձանագրելու, որ իմ և Գևորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաև որևէ իրավական հիմք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ