«Ինձ համար անհասկանալի է այդ ինքնասպանությունը, որովհետև նա շատ կամային լավագույն հատկանիշներն ուներ և բարձր ինքնասիրություն». Ալիկ Սարգսյան

Հայկ Հարությունյանն արժանավոր, ազնիվ սպա էր, ուժեղ մարդ։ Ինձ համար անհասկանալի է այդ ինքնասպանությունը, որովհետև նա շատ կամային լավագույն հատկանիշներն ուներ և բարձր ինքնասիրություն։ Այս մասին ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը։

Ալիկ Սարգսյանը նախկին ոստիկանապետի ինքնասպանությունը չցանկացավ կապել Մարտի 1-ի գործի հետ. «Հայկ Հարությունյանը երբեք կամակատար չի եղել։ Նա ժողովրդի վրա զենք բարձրացնող չէր, որևիցե մեկի վրա կրակող չէր և հրամաններն էլ կամակատարի հոգեբանությամբ կատարող չէր»,-ասաց Ալիկ Սարգսյանը՝ նկատելով, որ եթե անգամ այդպիսի հրաման լիներ, Հայկ Հարությունյանն այն չէր կատարի։

Ալիկ Սարգսյանը վերջին անգամ Հայկ Հարությունյանի հետ հանդիպել է երեք-չորս ամիս առաջ։ Պատմում է՝ խոսել են ու պայմանավորվել հանդիպել աշնանը. «Պայմանավորվեցինք, որ աշնանը կհանդիպենք, ժամանակ կանցկացնենք։ Սովորական տրամադրությամբ էր, ես ոչինչ չզգացի»,-նշեց Ալիկ Սարգսյանը։

Հարցին՝ Հայկ Հարությունյանը որևէ հիվանդություն ունե՞ր, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Չէ, չէ Հայկն առողջ էր, հիվանդություն չուներ։ Մի խոսքով լավ սպա էր։ Էլ չենք հանդիպել, այլ մանրամասների չեմ տիրապետում։ Մնացած հանգամանքները քննությունը կպարզի։ Ես երեկ գիշերն եմ եկել և շատ եմ ցավում նրա համար»,-հավելեց Ալիկ Սարգսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ