Արցախի միջդիրքային տարածքից ադրբեջանցու դին դուրս է բերվել Կարմիր խաչի միջնորդությամբ

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ, հակամարտության կողմերի հետ կազմակերպության պայմանավորվածությունների հիման վրա, ադրբեջանցի Ռամին Աբդուլռահմանովի դին դուրս է բերվել Արցախի միջդիրքային տարածքից։ Այս մասին տեղեկությունը SHANTEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։

Այլ մանրամասներ նա հրաժարվեց հայտնել, քանի որ դա կհակասեր Կարմիր խաչի ստանձնած պարտավորություններին։

Ադրբեջանցու դին, հիշեցնենք, այդտեղ հայտնվել էր ձախողված դիվերսիայի հետևանքով: Սեպտեմբերի 22-ի ցերեկը ադրբեջանական զինված խումբը փորձել էր դիվերսիոն ներթափանցում իրականացնել Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական զինուժի զինծառայողները նկատել էին հարձակումն ու ադրբեջանցիներին ստիպել էին նահանջել։

Ադրբեջանցի զինծառայողներից մեկը՝ Ռամին Աբդուլռահմանովը, սպանվել էր հենց այդ ժամանակ։ Ծառայակիցները նրա դին թողել էին չեզոք գոտում և հեռացել էին։

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարություններ տարածեց, թե իբր իրենց զինծառայողը մոլորվելու արդյունքում է հայտնվել միջդիրքային գոտում ու սպանվել է հայկական կողմի կրակոցներից։ Արցախի պաշտպանության բանակից, սակայն, նախապես հայտնել էին, որ ունեն դիվերսիոն ներթափանցման փորձի տեսագրություններ, որոնք կարող են հրապարակել անհրաժեշտության դեպքում։

Արդեն այսօր պարզվել է, որ սպանված զինծառայողը ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներից էր։

աղբյուրը՝  SHANTEWS

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ