![]()
«Նախկինում էլ խոսվում էր IT ոլորտի առաջնայնությունների մասին, դա, կարծես թե, մոդայիկ հայտարարություն էր դարձել, որը չէր ամրապնդվում կոնկրետ գործողություններով, այս պարագայում տենց չի: Այն, որ իշխանությունները հիմնեցին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, այն, որ առաջնայնություն համարվեց այս կարճատև այցի ընթացքում մեկ օր նվիրել Սիլիկոնյան հովտին և այն, որ վարչապետը համաձայնել է և սիրով պետք է հանդիպի այստեղ աշխատող հայերի հետ, նաև այն, որ ստորագրվելու են մի քանի համաձայնագրեր այս այցի ընթացքում, ցույց է տալիս, որ սա ոչ միայն խոսքեր են, այլև մեծ վճռականություն է՝ հնարավորինս մեծ շեշտադրում անել այս ոլորտում»,- սեպտեմբերի 24-ին լրագրողներին ասաց վարչապետի հետ ԱՄՆ-ում գտնվող նրա մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը չի կարող շատ բան այս պահին տալ Սիլիկոնյան հովտին, միևնույն ժամանակ, որ իրենց այցն ամենաբարձր մակարդակով ցույց է տալիս քաղաքացիներին, թե ինչպիսի կարևորություն են տալիս այդ հարցին:
Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել չխոսելու, բայց Նիկոլ Փաշինյանը խախտել է այն և մարդիկ է ուղարկում Վանեցյանի մոտ, որպեսզի նա չխոսի՝ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց.
«Ինձ նման բան հայտնի չէ, և ես կասկածում եմ, որ ճիշտ է ասում»:
![]()