ՀՀ գլխավոր դատախազը երբևէ որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել

Պարզվում է՝ ստորությունն ու անբարոյականությունը մեր իրականությունում առանձին լրատվամիջոցների պարագայում սահմաններ չունեն: Այս մասին «Facebook»-յան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին մումուլում առաջին հրապարակումներից բառացիորեն րոպեներ անց այդ լրատվամիջոցներն իրենց թույլ են տվել քաղաքական ու քարոզչական ճղճիմ նպատակներով օգտագործել անգամ մահացած մարդու «արյունը»:

Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների՝ դեռևս չբացահայտված լինելու, քրեական գործը նոր հարուցված լինելու պայմաններում նրան վերագրվել են մտքեր՝ ցինիկաբար ակնհայտորեն ելնելով այն հանգամանքից, որ նա դրանք հերքել կամ հաստատել չի կարող:

Այդուհանդերձ հարկ եմ համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազը երբևէ որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արած լինելու վերաբերյալ:

Տարօրինակ և խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ հենց կոնկրետ քարոզչական խնդիր լուծող լրատվամիջոցներն են տարածում նման ստահոդ, անբարո տեղեկատվություն՝ նման ճղճիմ մեթոդներով փորձ կատարելով վարկաբեկել քրեական հետապնդման մարմինների ղեկավարներին:

Հաշվի առնելով Հայկ Հարությունյանի՝ հանրային մեծ հնչողություն ունեցող և կարևորագույն քրեական գործով առանցքային վկաներից մեկը լինելու հանգամանքը՝ Դատախազությունը առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերելու նրա մահվան իրական հանգամանքները, դրդապատճառները բացահայտելու հարցում»,- ասված է նրա գրառման մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ նախնական տեղեկությունների, կատարվածն ինքնասպանություն է: Մեր տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել իրեն պարգեւատրված զենքով:

Արդեն հայտնի է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ