![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Հայաստանի վարչապետը գտնվում է Լոս Անջելես քաղաքում. Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում մասնակցել է իր հրավիրած հանրահավաքին և հանդես եկել ելույթով։
Հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Ամերիկայի օրհներգերով, ուղերձով են հանդես եկել հայ համայնքի հոգևոր առաջնորդները։ Իր ելույթում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
Սիրելի ժողովուրդ, այսօր ես եկել եմ այստեղ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ Ձեզ և ի դեմս Ձեզ շնորհակալություն հայտնեմ ամբողջ Սփյուռքին: Ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որ թավշյա հեղափոխության օրերին դուք ամուր կանգնած էիք Երևանի Հանրապետության հրապարակում: Այո, կապ չունի՝ ձեզնից ով էր ֆիզիկապես ներկա այնտեղ, բայց մենք բոլորս Հանրապետության հրապարակում այդ օրերին զգացել ենք ձեր աջակցող շունչը, ձեր հզոր ներկայությունը, ձեր մեծ էներգիան: Դուք և մենք միասին ենք կերտել ժողովրդավարական և ժողովրդական այն հաղթանակը, որը նոր փառք է բերել Հայաստանին և հայ ժողովրդին՝ ի դեմս նրա ցույց տալով մի երկիր և ժողովուրդ, որը պատրաստ է և վերցրել է շատերի կարծիքով անկում ապրող ժողովրդավարության դրոշը: Այսօր ամբողջ աշխարհը Հայաստանին համարում է ժողովրդավարության հույս և այդ հույսը նաև դուք եք կերտել:
Եվ ուզում եմ երկրորդ շնորհակալությունը հայտնել Սփյուռքին, որովհետև մենք այսօր նշելով Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձը՝ պետք է հստակ ասենք, որ անկախ Հայաստանը չէր կարող ոտքի կանգնել առանց Սփյուռքի անգնահատելի և ամենօրյա աջակցության: Սփյուռքը կանգնել է Հայաստանի մեջքին, Սփյուռքը պահել է Հայաստանը, Սփյուռքը սնել է Հայաստանը: Եվ ես ուզում եմ այսպիսի մի կարևոր արձանագրում անել. Հայաստանի անկախացումից հետո շատ քաղաքացիներ ստիպված են եղել արտագաղթել Հայաստանից և այս երևույթին բնականաբար Հայաստանը, մենք բոլորս շատ ցավոտ ենք վերաբերվել, բայց այսօր այստեղ կարծում եմ՝ պետք է շատ կարևոր խոստովանություն անել. շատերը Հայաստանից հեռացել են, արտագաղթել Ռուաստան, ԱՄՆ, Եվրոպա ոչ թե հաճույքով, ոչ թե ուզելով, այլ արտագաղթել են, որպեսզի այստեղ աշխատեն և Հայաստանում մնացած իրենց հարազատներին ու հայրենակիցներին աջակցեն, որպեզի նրանք հաղթահարեն դժվարությունները: Սա պետք է խոստովանել:
Ուզում եմ Սփյուռքին շնորհակալություն հայտնել արցախյան ազատամարտին ցուցաբերած հսկայական աջակցության համար: Գիտե՞ք, երբեմն հարց է տրվում, թե ի՞նչով և ի՞նչպես է Սփյուռքը աջակցել արցախյան ազատամարտին: Ցավոք կամ բարեբախտաբար իրավիճակն է այդպիսին. այդ աջակցության հսկայական մասն այնպիսին է, որ դրա մասին ընդունված չէ և պետք չէ բարձրաձայն խոսել, բայց պետք է շատ հստակ արձանագրել, որ արցախյան ազատամարտը, Արցախում կրած հաղթանակը նույնպես անհնար կլիներ առանց Սփյուռքի հսկայական աջակցության: Եվ ես ուզում եմ սա նունպես շատ հստակ արձանագրել՝ վստահություն հայտնելով, որ Սփյուռքն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է կանգնած մնալ ազատ Արցախի թիկունքին, Հայաստանի Հանրապետության թիկունքին:
![]()