![]()
Araratnews.am կայքին հաջողվեց կապ հաստատել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի ամուսնու եւ համատեղությամբ նաեւ պրոդյուսերի՝ Վահրամ Պետրոսյանի հետ: Վերջինս նշեց, որ հիմա Կանադայում են: Նա ասաց, որ ՊԵԿ-ի հայտարարության մեջ Լիլիթ Հովհաննիսյանի անունը չկա:
Հիշեցնենք՝ այսօր ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, թե շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկը հարկեր չի վճարել:
Վահրամ Պետրոսյանը կարծում է՝ ՊԵԿ-ի հայտարարությունը Լիլիթին չի վերաբերում, քանի որ այս տարի Հայաստանում չեն եղել Լիլիթի համաշխարհային շրջագայության պատճառով: «Իսկ 2018 թ-ին Լիլիթը ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում որեւէ համերգ չի ունեցել: Մերժել ենք համերգների բազմաթիվ առաջարկներ, որպեսզի այդ առաջարկներն ընդգրկենք 2019 թ-ի «world tour»-ի մեջ»,- ասաց երգչուհու ամուսինը:
Ինչ վերաբերվում է այս տարվա բուռն համերգային գործունեությանը, չնայած այն բանին, որ նրանք իրավունք ունեն եկամուտները հայտարարագրել եւ հարկեր վճարել մինչեւ 2020-ի ապրիլը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Լիլիթ Հովհաննիսյանի տեղի ունեցած համերգի հարկերը վաղուց պատշաճ վճարվել են (առաջիկայում կհրապարակեն այդ մասին հավաստող փաստաթղթերը):
![]()
Մեր հարցին, թե արդյոք ՊԵԿ-ի տարածած հրապարակման մեջ նշված 384 միլիոն 600 հազար դրամը Լիլիթի հետ կապ չունի, պրոդյուսերը ծիծաղեց եւ ասաց. «Ցավոք սրտի, մեր բոլոր տարիների աշխատանքի արդյունքում վաստակած գումարը նույնիսկ հեռու է այդ թվից: Դա պարզապես լրագրողի երեւակության արդյունքն է: Առհասարակ հաճախ են լրագրողները Լիլիթի եւ այլ հայտնի մարդկանց անունը անտեղի օգտագործում իրենց նյութերի վերնագրերում ավելի շատ ռեյտինգ ունենալու նպատակով»:
Վահրամ Պետրոսյանի խոսքով, վատ չէր լինի, Լիլիթ Հովհաննիսյանն այդքան մեծ գումար աշխատեր: «Նման եկամուտից հետո սիրով թոշակի կգնայինք»,-կատակեց երգչուհու պրոդյուսերն ու ամուսինը:
Նյութի աղբյուր՝ Araratnews.am
![]()