Ջերմուկցի, գնդեվազցի, կեչուտցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ նախատեսվում է մեծ հավաք

Վաղ առավոտից Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի դպրոցների տասնյակ աշակերտներ դասադուլ են հայտարարել՝ բողոքելով Ամուլսարի հանքի շահագործման դեմ։

Ջերմուկցի աշակերտները՝ «Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար՝ միայն սար» վանկարկումներով եւ քայլերթով շարժվում են համայնքի հուշարձան՝ միանալու իրենց համաքաղաքացիներին․ Ջերմուկում այսօր մեծ ակցիա է նախատեսված։ Նշենք, որ Ջերմուկի կրթահամալիրում երեխաները որոշ խոչընդոտների են հանդիպել. նրանց թույլ չեն տվել դուրս գալ դպրոցից։ Գնդեվազի եւ Կեչուտի՝ ազդակիր համայնքների դպրոցների աշակերտները եւս միանալու են Ջերմուկում նախատեսվող հանրահավաքին։

Նշենք, որ սեպտեմբերի 20-ից 27-ը ամբողջ աշխարհում հարյուրավոր անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու՝ հանուն բնապահպանական արդարության՝ մարդածին կլիմայական ճգնաժամի եւ բնապահպանական աղետների շուրջ համաշխարհային մոբիլիզացիայի շրջանակներում:

Երեւանում Հայկական բնապահպանական ճակատը բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը տալու է այսօր Մաշտոցի պուրակից՝ ժամը 13։00-ին: Հիմնականում ներկայացվելու են մետաղական հանքարդյունահանման խնդիրներն ու իրենց առաջարկները։

Ժամը 18։30-ին Երեւանում միջոցառումներ անցկացնող բոլոր խմբերը միանալու են Ազատության հրապարակի մոտ՝ Արամ Խաչատրյանի արձանի շրջակայքում, որտեղից կսկսվի երթը։ Երթուղին հետեւյալն է․ Արամ Խաչատրյանի արձան – Սայաթ Նովա փողոց – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ