![]()
«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Առուստամյանին մեղադանք է առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու եւ հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու եւ այդ գործընթացին օժանդակելու համար: Նաիրա Հարությունյանն ասաց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ՝ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ որպես մեղադրյալ է ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ըստ այդմ՝ Լեւոն Սարգսյանն օգտագործել է իր իրական ազդեցությունը եւ միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը, որի ստացումը կազմակերպել է փողերի լվացման միջոցով:
![]()
![]()