![]()
Փաշինյանն ասաց, որ նախկին կոռուպցիոներները շարունակում են խոսել, ինքը հասկանում է, որ դա հակասում է արդարության տրամաբանությանը, բայց դա չի հակասում իրավական պետության տրամաբանությանը․
«Որովհետեւ մենք ոչ մեկի բերանը չենք պատրաստվում փակել, թող խոսեն, բայց թող նաեւ արձանագրեն, որ էն, ինչ խոսում են, կարող է օգտագործվել իրենց դեմ։ Որեւէ մեկդ կասկածո՞ւմ է, որ Միքայել Մինասյանը միլիոնատեր է այսօր, այդ թվում՝ պետական լծակների կիրառմամբ եւ օգտագործմամբ։ Եւ մենք մինչ այսօր չենք ունեցել բավարար իրավական ընթացակարգեր՝ այդ սեփականությունը հետ բերելու համար։ Մեկ-մեկ մտածում եմ՝ սխալ ենք արել, բայց ավելի երկար եմ մտածում ու հասկանում, որ սխալ չենք արել, որովհետեւ սեփականության իրավունքը ժամանակակից աշխարհում շատ կարեւոր բան է։ Կարող էինք գնալ, եւ այդ կնոջը, որին, ի դեպ, փախցրել են Հայաստանից, բերել, ասել՝ գրեք, որ այդ ամբողջ գույքը նվիրաբերում եք պետությանը։ Բայց հասկանում էինք, որ ի վերջո այս պատմությունը բացվելու է, հետո ով սեփականություն ունի, կմտածեր՝ մի օր մեզ կանչելու են, ասեն՝ սեփականությունիցդ հրաժարվիր։ Մենք գնացել ենք իրավական ճանապարհով, ոչ արդարության, բայց իրավական ճանապարհով։ Միշտ չէ, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է։ Այնպես որ ավանսով իրենցից քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ ստեղծել չի լինի, որովհետեւ այդ մարդիկ՝ կոռումպցաված համակարգի ներկայացուցիչները, ՀՀ-ն թալանել են, եւ դա ապացուցելի փաստ է, եւ իզուր են ձեւ անում, թե տեղյակ չեն ինչի մասին է խոսքը»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հիշեցնելով, որ ինքն ասել է՝ վենդետաներ չեն լինելու, եւ գնալու ենք իրավական ընթացակարգերով։ Վարչապետի վստահեցմամբ՝ չկա Հայաստանում այդպիսի մարդ, որն իրավական ընթացակարգերով չի կարող ձերբակալվել․ «Չկա այդպիսի մարդ, որովհետեւ ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ»։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ձերբակալելու քաղաքական որոշում ունենալուն, վարչապետն արձագանքեց․
«Քաղաքական որոշմամբ մարդ չենք ուզում եւ չպիտի ձերբակալենք։ Ես այս ընթացքում իրավապահ համակարգի հետ ունեցել եմ բավականին կոշտ խոսակցություն, ոչ Սերժ Սարգսյանի անունով կամ մասին, ես ասել եմ, որ ՀՀ-ի բոլոր կոռուպցիոներները պետք է հայտնվեն բանտում, եւ ինձ բավարար չեն թվում կոռուպցիոն գործերի քննության ծավալները, տեմպերը եւ արդյունքները։ Եղել է նման արձանագրում, բայց դա չի եղել անձանց մասին»։
![]()