![]()
Ինչպես ասվել էր նախընտրական խոստման ժամանակ, Թեղուտի հանքավայրը բացվել է, և մարդիկ աշխատատեղեր ունեն: Այս մասին այսօր Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց՝ Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձն ավելացել է 20 տոկոսով, օտարված տարածքներ են վերադարձվել համայնքներին: Փաշինյանը նշեց՝ 6500 քմ տարածք վերադարձվել է, քրգործեր կան հարուցված մանկապարտեզների սեփականաշնորհումների դեպքերի հետ կապված, և էլի տարածքներ կվերադարձվեն:
ՀՀ առողջապահության ոլորտում, ըստ Փաշինյանի, ստվերը կրճատվել է, պետական և մասնավոր բուժհաստատությունների հայտարարագրած շրջանառության ծավալն աճել է 13.7 մլրդ դրամով կամ 14 տոկոսով, միջին աշխատավարձն աճել է 30 000 դրամով: 400 անուն դեղ հուլիսի 1-ից անվճար տրամադրվում է մի շարք նպաստառուների, 200 հազար շահառու կօգտվի այս արտոնությունից:
Վարչապետը տեղեկացրեց՝ մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային օգնությունն ու բուժսպասարկումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, զինծառայողների ծնողները, սրտի խնդիր ունենալու դեպքում, կվիրահատվեն պետբյուջեի միջոցներով, նույնը վերաբերում է մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Կառավարության ղեկավարը նաև հայտնեց՝ սրտի ստենտավորման շուկայական գներն իջնում են:
![]()