«2020թ. հունվարի 1-ից միջինը 10%-ով կավելանան բոլոր կենսաթոշակները…». վարչապետ Փաշինյան

Հայաստանում 38.000 ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև, որ առաջիկայում էլ հրշեջ-փրկարարների, անտառապահների, անտառապետների աշխատավարձերը կբարձրանան:

Վարչապետը տեղեկացրեց՝ 2020 թ. հունվարի 1-ից միջինը 10 տոկոսով կավելանան բոլոր կենսաթոշակները: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, Համակենտրոնացման ճամբարների նախկին անչափձահաս գերիները 50 000 պատվովճարի փոխարեն կստանան 100 000 դրամ: Վարչապետը մասնավորեցրեց՝ 397 մարդու մասին է խոսքը:

Փաշինյանը տեղեկացրեց՝ ՀՀ կառավարությունն Արցախին շուրջ 2.9 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:

«Բայց այստեղ վատ նորություն էլ ունենք. այն օրվանից, ինչ ես այս նորությունը հրապարակել եմ իմ ֆեյսբուքյան էջում, Ստեփանակերտում բնակարանների գների կտրուկ աճ է արձանագրվել, դա չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, բայց ստանձնել եմ պարտավորություն, պետք է իրականացնեմ»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ 7488 թափուր աշխատատեղ են ներկայացրել գործատուները, 5912 աշխատանք փնտրող աշխատանքի է տեղավորվել, և այդ թվաքանակում 65.7 տոկոսը կանայք են: Նա հիշեցրեց նաև Մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց դրամական աջակցություն ցուցաբերելու որոշման մասին:

Փաշինյանը տեղեկացրեց՝ երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար համար 3 մլրդ դրամ է հատկացվելու 2020 թ, իսկ եթե դա բավարար չլինի, էլի միջոցներ կտրամադրեն, որովհետև, վարչապետի գնահատմամբ, Հայաստանի բյուջեում միջոցների խնդիր գոյություն չունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ