![]()
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել տուգանել «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությանը՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 500-ապատակի չափով: «Արմենիա Թի-Վի» ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու պատճառը եթերում հեռարձակվող «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի ընթացքում ցուցադրված ակնհայտ բռնության, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական եւ հոգեւոր ցավ պատճառելու տեսարաններն են:
Նման տեսարանների ցուցադրումն արգելված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը օգոստոս ամսից քննարկման էր դրել տեւական ժամանակ քննադատության կենտրոնում հայտնված «Արմենիա» հեռուստաալիքով եթեր հեռարձակվող «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը:
Ավելի վաղ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնել էր, որ խնդիրը բավականին բարդ է, որովհետեւ գեղարվեստական իմաստ ունեցող այդպիսի պատկերները գռեհկաբանությունից տարանջատելու համար շատ դժվար է իրավականորեն գնահատական տալը: Հակոբյանը հայտնել էր, որ աշխատում են «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինության հետ:
Ուստի հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում ուսումնասիրել է հեռուստաընկերության կողմից ներկայացրած տվյալները, նիստի ընթացքում լսել է նաւ «Արմենիա Թի-Վի»-ի ներկայացուցիչների բանավոր պարզաբանումները եւ միաձայն որոշում կայացրել ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Նշված հոդվածը սահմանում է, որ էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի հեռարձակումը առաջացնում է տուգանք:
Հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ սահմանել է «էրոտիկ բնույթի, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների, այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշինչները: Սույն որոշումն ուժի մեջ կմտնի այն «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությանը պատշաճ ձեւով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
![]()
«Արմենիա Թի-Վի»-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ որոշումը դեռ չեն ստացել: Հեռուստասերիալը հետագայում եթեր հեռարձակելու, դրա բովանդակությանն ավելի լավ ծանոթանալու եւ տուգանքի ստույգ չափի մասին հեռուստաընկերությունից չցանկացան պատասխանել: «Արմենիա Թի-Վի»-ի փիար ղեկավար Հայկուհի Ասատրյանը նշեց, որ մեկնաբանություն չեն կարող տալ, քանի դեռ չեն ստացել ՀՌՀ որոշումը եւ ծանոթ չեն, թե ինչպես է վարչական մարմինը հիմնավորել իր որոշումը:
«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի պատճառով տուգանված «Արմենիա Թի-Վի»-ի եթերում սերիալի հետագա հեռարձակման եւ հեռուստասերիալի բովանդակության մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցեց սերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանի հետ: Սցենարի հեղինակից հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունի, որ այս աղմուկից հետո «Արմենիա Թի-Վի»-ն կարող է չցանկանալ շարունակել հեռուստասերիալի եթեր հեռարձակումը, կամ գուցե պահանջվի այն էական փոփոխությունների ենթարկել: Ի պատասխան Դիանա Գրիգորյանն ասաց. «Հարգելիս, այդ հեռուստասերիալն այսօր հանրապետությունում բարձր վարկանիշ ունի եւ վայելում է բոլորի սերը»: Վերջինս նաեւ նկատեց, որ այսօր կա վերահսկող համակարգ, եթե ինչ-որ աշխատանք է վերահսկող մարմինը կատարում, ուրեմն, նորմալ է եւ արվում է՝ ըստ օրենքի, եւ ինքը ավելացնելու որեւէ բան չունի:
![]()
աղբյուրը ArmTimes
![]()