Դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին, կալանավորելու որոշում կայացրեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին, կալանավորելու որոշում է կայացրել:

Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Դատարանն այսպիսով բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ՝ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ որպես մեղադրյալ է ներգրավվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Ըստ քննչական կոմիտեի՝ պարզվել է, որ թեեւ, ըստ իրավական ընթացակարգերի ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը գլխավոր կապալառու իսպանական կազմակերպությունը պետք է կատարեր ծրագրի ինժեների եւ պատվիրատուի՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց համաձայնությամբ, սակայն փաստացի այդ գործընթացները ղեկավարվել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանը, որն այդ գործընթացները կազմակերպել եւ իրականացրել է ծրագրում՝ որպես ենթակապալառու «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն եւ Գեւորգ Վարդանյանների հետ: Վերջիններս նույնպես գործով մեղադրյալ են:

Ըստ այդմ՝ Լեւոն Սարգսյանն օգտագործել է իր իրական ազդեցությունը եւ միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը, որի ստացումը կազմակերպել է փողերի լվացման միջոցով: Նշենք, որ Սարգսյանը մեկ այլ գործով մեղադրվում է նաեւ ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ