Հանրապետության հրապարակի տակ «թաքնված» քաղաքի առեղծվածը

2003 թ-ին Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվում էր Հանրապետության հրապարակը, երբ շինարարները հանդիպեցին պատնեշի, հրավիրվեցին հնագետների. պարզվեց՝ հրապարակի ողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են:

Կառույցներն ուսումնասիրել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի ղեկավար Գրիգոր Կարախանյանը հնագետներ Ֆրինա Բաբայանի և Աղավնի Ժամկոչյանի հետ:

«Բացված կառույցները շինարարական արվեստի կարևոր հուշարձաններ են, մի ժամանակահատվածի, որը չի ուսումնասիրվել»,-ասում է Ֆրինա Բաբայանը:

Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1655 թ-ին այցելել է Երևան, գծագրել այն: Նկարում մանրամասնորեն պատկերված է «Քրիստոնեական թաղամասը»` երկհարկ և եռահարկ քարի շենքերով: 1679 թ-ին Երևանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որն ըստ Զաքարիա Սարկավագի թողած հիշատակությունների, ոչինչ «քարը քարի վրա չի թողել»:

Շինություններն ավերվեցին, սակայն մնացին դրանց նկուղային հարկերը: Բացված նկուղներն ընդգրկում են հրապարակի ողջ տարածքը: Պատերի բարձրությունը 4.50 մետր է, սվաղը` 7 սմ: Կառույցները պահպանվել են ամբողջությամբ` մուտքերով: Հայտնաբերվել է գունազարդ խեցեղեն, աշխատանքային գործիքներ:

Հայտնաբերվել են նաև Ապիրատ իշխանի կողմից 11 դարում կառուցված ջրատար խողովակներ, որոնք ծառայել են մինչև 19 դարը: Գիտնականներն, ուսումնասիրելով շինության պատերը, կարծել են, որ դրանք, աղյուսից են, սակայն հետո պարզվեց, որ պատերը կառուցված են հավասարաչափ կտրտված տուֆի սալիկներից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ